Հայկական շրջան կամ Եգիպտոսի ոսկեդարը (1074-1162)
Advertisement 1000 x 90

Հայկական շրջան կամ Եգիպտոսի ոսկեդարը (1074-1162)

Դեռեւս VII դարից հիշատակություններ կան Եգիպտոսի ազգությամբ հայ զորավարների եւ հատկապես էմիրների մասին, որոնց խալիֆները վստահում էին պետության համար անչափ կարեւոր այս երկրամասի կառավարման գործը։

Առաջինը հիշատակվում է Վարդան էլ-Ռումը, որը արաբական բանակում աչքի էր ընկել քաջագործություններով, ապա Եգիպտոսում իրականացրած շինարարական աշխատանքներով։ Էմիրի նստավայր Ֆոստատ քաղաքում նա կառուցել է ծածկած շուկա, որը կոչվել է Սուք էլ-Վարդան, Դար էլ-Նահաս անունով մի չքնաղ պալատ եւ այլ շինություններ։

Արաբ հեղինակները առանձնապես գովեստով են խոսում եգիպտահայ Ալի-բին-Յահյա-Աբուլ-Հասան-էլ-Էրմանիի մասին, ով IX դարում երկու անգամ նշանակվել է Եգիպտոսի կառավարիչ։ Ջամալ-էդ-Դինը նրա մասին գրում է․ «Ծագումով հայ Ալի-բին-Յահյան կտրիճ, քաջասիրտ, առատաձեռնությամբ ներբողված, պատերազմի ու ճակատամարտերի հմուտ, տնօրինող, վարչագետ եւ կառավարչության պաշտոնի մեջ բարի վարք ունեցող էմիր էր»։

XI-XII դարերում հայ վեզիրների դերն այնքան մեծ է եղել Եգիպտոսի պատմության մեջ, որ նրա պատմության խոշորագույն մասնագետներից մեկը՝ Գաստոն Վիթը, Եգիպտոսի պատմության այս շրջանն անվանել է «Հայկական շրջան»։

Հայազգի Բադր-էլ-Ջամալիի (1074-1094) վեզիր նշանակմամբ Եգիպտոսում սկսվել է ֆաթիմյան վեզիրների «հայկական շրջանը» (1074-1162)։ Վիթը Ջամալիի մասին գրել է․ «Նա մահմեդական Եգիպտոսի ամենանշանավոր դեմքերից մեկն է։ Կարողացել է Եգիպտոսը դարձնել հզոր ու բարգավաճ երկիր»։

Նա մի շարք հայերի առաջ է քաշել պետական ու զինվորական ղեկավար պաշտոնների։ Արաբ պատմիչ Մագրիզին հայտնում է, որ «Բադր-էլ-Ջամալին զորամասեր կազմեց հայերից եւ այդ ժամանակից ի վեր բանակի մեծ մասը հայերից էր կազմված»։

Նրա օրոք երկրում մեծ հռչակ էին վայելում հայ ճարտարապետները, որոնց գործունեության մասին կան հետաքրքիր տեղեկություններ։ Արտակարգ վայելչությամբ եւ մինչ օրս կանգուն Կահիրեի պարսպի երեք դարպասները (Բաբ-էլ-Զուեյլա, Բաբ-էլ-Ֆութա, Բաբ-էլ-Նասըր) կառուցել են եդեսացի հայերը (երեք եղբայրներ)։ Իսկ պարսպի կառուցման գաղափարը հղացել է հայազգի վեզիրը։

Բադր-էլ-Ջամալիի մահից հետո վեզիր դարձավ որդին՝ Շահնշահը, ով արաբական աղբյուրներում հիշատակվում է Ավդալ պատվանունով։ Նա, ում արաբ հեղինակները ներկայացնում են որպես կորովի, ռազմագետ, վարչագետ ու արդարամիտ անձնավորություն, Եգիպտոսը բացարձակ միապետի իրավունքով կառավարել է 1094-1121 թթ․։ Կառուցել է հոյակերտ պալատներ, գրադարանում ունեցել է հինգ հարյուր հազար կտոր գիրք, հովանավորել է գիտության մշակներին, կառուցել աստղադիտարան (Մեջիտ-էր-Ռասատ), այնտեղ դնելով «զաթ-էլ-հարադ» կոչվող մի գործիք՝ աստղերի ու մոլորակների շարժումը դիտելու համար։

1135-ին Եգիպտոսի վեզիր է դարձել Ներսես Շնորհալու հորեղբայրը՝ Վահրամ Պահլավունին (Բահրամ-էլ-Արմանի)։ Նրա բանակի հիմնական կորիզը կազմում էին հայերը։ Իբն-էլ-Աթիրը գանգատվում է, որ Վահրամ Հայը աշխատանքից ազատում էր մահմեդականներին եւ կարեւոր պաշտոնները վստահում հայերին։ Մագրիզին հայտնում է, որ այդ ժամանակ երկրի պետական համակարգում աշխատում էր երկու հազար հայ։

Բադր-էլ-Ջամալիի վեզիրության շրջանից ութսուն տարի անց Ռշտունյաց աշխարհից եւս մեկ հայ` Վերին Եգիպտոսի Մինիե նահանգի նահանգապետ Թալայի իբն Ռուզզիք ալ-Արմանին 1154 թ. Ալ-Ֆայեզ խալիֆայի կողմից նշանակվեց վեզիրի պաշտոնում։ Հայ կառավարիչն ուներ քաջ ու վճռական ղեկավարի համբավ։ Նա զարկ տվեց երկրի կրթական, գիտական ու մշակութային կյանքին։ Հիմնեց ուսումնական կենտրոններ, մեծ հարգանք էր տածում գրողների ու գիտնականների հանդեպ։ Աչքի ընկավ շինարարական գործունեությամբ։ Հանդես էր գալիս երկրի քրիստոնյա փոքրամասնության պաշտպանի դերում։

XII դարում Եգիպտոսում զարգանում էին արհեստներն ու առեւտուրը եւ այդ գործում անգնահատելի դեր ունեին եգիպտահայերն ու հատկապես երկրի հայ կառավարիչները։ Դարավերջից Կիլիկիայի հայոց պետության ու Եգիպտոսի միջեւ սկսվում են քաղաքական շփումները, որոնք կարճ ժամանակ անց վերածվում են թշնամական հարաբերությունների։

Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից: