Հայաստան եկող ինտերնետային մալուխը գաղտնի չեն վաճառի Ադրբեջանին. վրացի պաշտոնյա. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայաստան եկող ինտերնետային մալուխը գաղտնի չեն վաճառի Ադրբեջանին. վրացի պաշտոնյա. armeniasputnik.am

Caucasus Online ինտերնետային մայրուղու բաժնետոմսերը չեն վաճառվի առանց համապարփակ քննարկման։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Նիկոլոզ Ալավիձեն։

Վրացական Caucasus Online ընկերությունը կառավարում է սևծովյան օպտիկական մալուխը, որը Վրաստանը միացնում է Բուլղարիայի հետ։ Սա Եվրոպայի և Հարավային Կովկասի միջև ինտերնետ տրաֆիկի խոշորագույն կապուղին է։ Այսօր ընկերության գլխավոր բաժնետերերը վրացական ներդրողներն են, որոնց մի մասը գրանցված է Եվրոպայում։ Ժամանակ առ ժամանակ մամուլում լուրեր են շրջանառվում, որ այս ընկերության բաժնետոմսերը կվաճառվեն ադրբեջանական ձեռնարկություններին, ինչը կարող է վնասել Հայաստան եկող տրաֆիկի հուսալիությունը։

Նիկոլոզ Ալավիձե

Վրացի փոխնախարարն ընդգծում է, որ Caucasus Online-ը չի կարող վաճառել իր բաժնետոմսերի 5%-ից ավելին` առանց Վրաստանի Հեռահաղորդակցության ազգային հանձնաժողովի (GNCC) համաձայնության։ Իսկ կարգավորիչը նման կարևոր որոշում չի կայացնի առանց լայն հանրային քննարկումների։

«GNCC–ն ուշադիր հսկում է այս ձեռնարկությունը, քանի որ այն ռազմավարական նշանակություն ունի։ Եթե նույնիսկ նման գործարքի մտադրություն լինի, ապա կարգավորիչը քննարկումներ կկազմակերպի, ընդ որում` պատշաճ թափանցիկությամբ։ Այդ քննարկումների ժամանակ հաշվի կառնվեն և՛ Վրաստանի ու մեր հանրության շահերը, և՛ մեր տարածաշրջանի առանձնահատկությունները», – ասաց Ալավիձեն։

Նշենք, որ Վրաստանը, տարբեր գնահատականներով, տարանցում է Հայաստանի արտաքին ինտերնետ տրաֆիկի շուրջ 80%-ը։ Եվրոպական տրաֆիկը հիմնականում անցնում է նշված մալուխով։ Դրանից բացի, Հայաստանն օգտագործում է ևս երկու մալուխ դեպի Ռուսաստան` մեկը` սևծովյան, մեկը՝ ցամաքային։ Տրաֆիկի ևս մոտ 20%-ը բաժին է ընկնում Իրան գնացող մալուխներին։ Ընդ որում` այստեղ Հայաստանի օպերատորները հանդես են գալիս որպես ինտերնետի մատակարարներ դեպի Իրան, Աֆղանստան, իսկ վերջին ժամանակներում՝ նաև դեպի Կատար։

Միևնույն ժամանակ, Վրաստանի կառավարությունը քննարկում է ևս մեկ ծովային մալուխի նախագիծ, կրկին դեպի Բուլղարիա։ Սա կօգնի ավելի արագ եվրոպական տրաֆիկը (այդ թվում Google–ի և Facebook–ի սերվերներից) հասցնել Հարավային Կովկաս։

Փոխնախարարի խոսքով` այսօր Վրաստանի կապուղիները օգտագործվում են ընդամենը 1/3-ով (հաշվի առնելով և՛ Վրաստանի սպառումը, և՛ միջազգային տարանցումը), սակայն երկիրն ուզում է մատակարար դառնալ նաև հեռավոր շուկաների համար, այդ թվում՝ Չինաստանի։ Իսկ առաջիկա տարիներին, 5G ցանցի զարգացմանը զուգահեռ, տրաֆիկի էլ ավելի մեծ պահանջարկ է սպասվում։

Այժմ մալուխ անցկացնելու համար տեխնիկական առաջադրանք է կազմվում (pre-feasibility study)։ Օպտիկային զուգահեռ քննարկվում է նաև էլեկտրահաղորդման ստորջրյա գծի նախագիծը։

armeniasputnik.am



Նման նյութեր