
Ամերիկահայ պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանն ընդունել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի՝ Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի շրջանակում հնչեցված մարտահրավերը:
Իր հերթին նա մարտահրավեր է նետել ևս երեք անձի, որոնց շարքում են երգչուհի Շերը, ինչպես նաև Alex and Ani հայտնի ոսկերչական ընկերության սեփականատեր Կարոլին Ռաֆայելյանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2019 թվականի հեռուստամարաթոնի շրջանակում հայտնի անձանց մարտահրավերներ նետելու առաջարկով հանդես էր եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ուղիղ եթերով դիմել էր Սերժ Թանկյանին, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, գործարար, «Reddit»-ի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին՝ հորդորելով մուտք գործել himnadram.org կայք և այնպես անել, որ իրենց քարտից ամեն ամիս գումար փոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։