ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների գրասենյակներում կոռուպցիոն երևույթները կանխելու ամենաարդյունավետ միջոցը սոցիալական կայքերն են։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը։
Բիչախչյանը հավաստիացրեց` Facebook-ի իր էջը բաց է անձնագրային վարչություններում խնդիրների բախված բոլոր քաղաքացիների բողոքների համար, ինքն էլ անարձագանք չի թողնում դրանցից և ոչ մեկը։
«Սա հիմնական միջոցներից մեկն է քաղաքացու հետ անմիջական շփման։ Եթե անմիջապես շփվում ես քաղաքացու հետ, միանգամից շատ արագ ազդակները ստանում ես` որտեղ, ինչ խնդիրներ կան։ Իհարկե, եղել են խնդիրներ, որոնք շատ արագ շտկվել են, եղել են խնդիրներ, որոնց հիման վրա նշանակվել են ծառայողական քննություններ, Facebook-ի գրառման արդյունքում եղել են աշխատակիցներ, որոնք վատ վերաբերմունքի պատճառով հեռացվել են աշխատանքից»,- նշեց նա։
Բիչախչյանն արձանագրում է` իր ղեկավարած ոլորտն իդեալական չէ։ Համակարգում անելիքներ դեռ շատ կան, քաղաքացիների բողոք-նամակների հոսքն էլ չի դադարում։
Ահազանգերից շատերը վերաբերում են անձնագրային բաժիններում տարբեր պատճառաբանություններով առձեռն գումար պահանջելու դեպքերին։ Վարչության պետը հորդորում է` անձնագրայինի որևէ աշխատակցի առձեռն գումար չտալ, իսկ այդ մասին անմիջապես տեղեկացնել իրեն։
«Եթե սահմանված է, որ անձնագրային մարմնին պետք է ներկայացնել վճարման անդորրագիր, այսքանով ամեն ինչ ասված է։ Անձնագրային բոլոր գրասենյակներում մենք ունենք վճարային տերմինալներ, և քաղաքացին կա՛մ տերմինալով պետք է վճարի, կա՛մ բանկի միջոցով, ու կտրոնը ներկայացնի անձնագրային վարչություն։ Ոչ մի տեսակի կանխիկ գումար չպիտի տրամադրվի աշխատողին, թեկուզ, դա լինի 100 դրամ»,– ա-սաց նա։
Աշխատակիցների առձեռն գումար պահանջելու դեպքերը Բիչախչյանը դիտարկում է որպես ծառայողական խախտում և ծառայողական քննություն նշանակում։
ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի խոսքով` առձեռն գումարով գործառույթ կատարելու իրավասությունը վերապահված է միայն սահմանային անցակետերին, որտեղ չկան վճարային տերմինալներ։ Որոշ անցակետերում մուտքի-ելքի համար սահմանված գումարը քաղաքացիները տալիս են համապատասխան աշխատակցին, աշխատակիցը տանում, վճարումը կատարում է։
Ի դեպ, անձնագրային բաժիններում շուտով կտեղադրվեն նաև մանրադրամը վերադարձնող սարքեր։ Համապատասխան որոշումն արդեն ընդունվել է ՀՀ կառավարությունում։ Ըստ Բիչախչյանի`սա կոռուպցիայի դեմ պայքարի ևս մեկ քայլ է։
«Այժմ, երբ քաղաքացու մանրը տերմինալը հետ չի վերադարձնում, քաղաքացու մոտ թյուրըմբռնում է լինում, որ անձնագրայինի աշխատակիցը մանրը չվերադարձրեց»,- ասաց Բիչախչյանը։
Անձնագրային ծառայությունների դիմաց քաղաքացիների վճարումներն առաջիկայում 200-300 դրամով կնվազեն, քանի որ կազմակերպությունը, որը կտրամադրի նոր տեմինալներ, հրաժարվել է ներկայումս գանձվող պարտադիր միջնորդավճարից, այսինքն` քաղաքացին կվճարի միայն օրենքով սահմանված պետական տուրքը։
Ինչպես բանկերում, սպասարկման ոլորտի այլ ծառայություններում, առավել ծանրաբեռնված 35 անձնագրային գրասենյակներում ևս առաջիկայում կտեղադրվեն հերթագրման համակարգեր, ինչը, Բիչախչյանի խոսքով, նույնպես կնպաստի ինչպես կոռուպցիայի դեմ պայքարին, այնպես էլ առավել քաղաքակիրթ սպասարկմանը։
«Եթե քաղաքացին գիտի, որ իրենից առաջ հերթի մեջ նույնիսկ 20-30 հոգի կա, բայց գործում է արդարության սկզբունքը, և իրենից առաջ այլ մարդիկ չեն խցկվելու, ինքը 2-3 ժամ կսպասի առանց որևէ խնդրի։ Մենք չենք ունենա կոնֆլիկտ, և՛ քաղաքացին գոհ կմնա անձնագրային ծառայությունից, և՛ իմ աշխատակիցն օրվա ավարտին հանգիստ տուն կգնա»,- եզրափակեց Բիչախչյանը։
Բիչախչյանի խոսքով` քաղաքացիների հերթագրման համակարգի ներդրման շուրջ պայմանագիրն արդեն ստորագրման փուլում է, և դրա ստորագրումից հետո 5 ամիս անց համակարգն արդեն կսկսի գործել։