Գիտնականները պնդում են, որ մարդն այն է, ինչ ուտում է: Սա ասելով՝ նրանք նկատի ունեն ոչ միայն օրգանիզմի վիճակը: Որոշակի մթերքներ, օրինակ՝ յոգուրտը, լոլիկը և պանիրը, կարող են փոխել մեր հոգեկան աշխարհը և ազդել դրա վրա:
Ճարպերը մարդուն ավելի ագրեսիվ են դարձնում
Դիետոլոգները վաղուց են նկատել, որ ոչ ճիշտ սնվելն ագրեսիայի ծագման պատճառներից մեկն է: Հետազոտությունները ցույց են տվել, որ կարտոֆիլ ֆրին և բուրգերները կարող են ազդել մարդու հոգեվիճակի վրա: Հետազոտության ժամանակ հարցումներ են անցկացվել մոտ 900 մարդու շրջանում: Պարզվել է, որ այն մարդիկ, որոնց օրակարգում հաճախ են հանդիպում յուղոտ մթերքներ, ավելի անհամբեր են, ավելի նյարդային և ագրեսիվ են: Բացի այդ, գիտնականները նաև ուշադրություն են դարձրել մարդու անձի վրա, թե ինչպե՞ս էին նրանք արտահայտում իրենց ագրեսիան նախկինում, և ինչպե՞ս՝ յուղոտ սնունդն օգտագործելուց հետո:
Լոլիկը դանդաղեցնում է ուղեղում թթվային գործընթացները, որոնք հանգեցնում են հոգեկան անհավասարակշռության
Մարդկանց սննդային սովորությունների հետազոտություն են անցկացրել Ճապոնիայի և Չինաստանի գիտնականները: Զուգահեռաբար՝ նրանք պարզել են մասնակիցների հոգեբանական կարգավիճակը: Պարզվել էր, որ հոգեկան խանգարումների ռիսկին ավելի քիչ են ենթարկվում և ընկճախտի մեջ հազվադեպ են ընկնում այն մարդիկ, ովքեր շատ են լոլիկ ուտում:
Հետազոտության մասնակիցներից ավելի քան 1000-ը 70 և ավելի տարեկան էին, այդ իսկ պատճառով գիտնականները սկսել են հետազոտել, թե ինչ գաղտնի բաղադրիչ է լոլիկն իր մեջ պարունակում, որը չունեն մյուս մրգերն ու բանջարեղենները:
Պարզվում է, որ լոլիկի քիմիական բաղադրության մեջ մտնում է լիկոպին կոչվող հզոր հակաօքսիդանտը, որը խանգարում է ուղեղում թթվային գործընթացներին: Իսկ դա, իր հերթին, կանխարգելում է հոգեկան խանգարումներն և ծերունական դիմենցիան: Հոգեկան խանգարումները կանխելու համար պետք է ամեն օր լոլիկ ուտել:
Պանրի մեջ առկա տրիպտոֆանը մարդկանց դրդում է առատաձեռնության
Կարծում եք՝ հիվանդին օգնության հասնելուն ձեզ դրդում է ձեր ուղե՞ղը: Պարզվում է՝ դա այդքան էլ այդպես չէ: Գիտնականները վաղուց գիտեին, որ մարդուն առատաձեռնության կարելի է դրդել քիմիական ձևով, բայց թե ինչպե՞ս՝ ոչ ոք չգիտեր: Հետազոտությունները ցույց են տվել, որ պանրի, ձկան և գետնընկույզի (арахис) մեջ առկա մեծ քանակությամբ տրիպտոֆանը մասնակիցներին դրդել է նվիրաբերել իրենց գումարը բարեգործության նպատակով:
Տրիպտոֆանը համարվում է սերոտոնինի կենսաբանական նախորդը, որն էլ իր հերթին՝ ազդում է առատաձեռնության և հավանելու զգացողությունը գրգռող օկսիտոցինի արտազատման վրա:
Յոգուրտներն օգնում են կառավարել էմոցիաները
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները, ովքեր ուսումնասիրում էին մարսողական համակարգի հիվանդությունները, անսպասելիորեն բացահայտել են, որ նույնիսկ հասարակ յոգուրտն ազդում է մարդու հոգեկան աշխարհի վրա: Ուսումնասիրությանը մասնակցել են 18-50 տարեկան 45 կանայք: Նրանց բաժանել էին 3 խմբի. 1-ին խմբի մասնակիցների օրակարգից հանել էին յոգուրտը, 2-րդ խմբի մասնակիցներն ուտում էին յոգուրտ, որը չէր պարունակում պրոբիոտիկներ, իսկ 3-րդ խմբի անդամներն օրական 2 անգամ 125 գրամ պրոբիոտիկներով հարուստ յոգուրտ էին ուտում:
Ուսումնասիրություններից առաջ և հետո կանայք անցել էին ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային (ՄՌՏ) հետազոտություն: Պարզվեց, որ պրոբիոտիկներով լի յոգուրտ օգտագործող կանանց մոտ բացասական խթանիչների հանդեպ նվազել է էմոցիոնալ պատասխանը: Սա կապված էր ուղեղի այն հատվածների միջև կապի թուլացման հետ, որոնք մասնակցում են էմոցիոնալ, ճանաչողական և սենսորային տեղեկատվության մշակմանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը