ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը նոյեմբերի 29-ից 30-ը պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում էր՝ մասնակցելու Արցախի ոստիկանության օրվա տոնական միջոցառումներին: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նոյեմբերի 29-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունեց ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանին:
Հանդիպմանը ներկա էր ԱՀ ոստիկանության պետ Լևոն Մնացականյանը:
Կողմերը քննարկեցին Հայաստանի և Արցախի ոստիկանությունների համագործակցությանն ու ծառայությանը վերաբերող հարցեր:
Նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ Արցախի ոստիկանության օրվան նվիրված տոնական միջոցառում։
Հանդիսությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը, ԱՀ ոստիկանության պետ Լևոն Մնացականյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Ներկաները ծաղկեպսակ և ծաղիկներ խոնարհեցին Արցախյան ազատամարտում զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
Ողջունելով ներկաներին և շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը կարևորեց այն դերակատարումը, որն ունեցել և ունի ոստիկանությունը Արցախի Հանրապետության շուրջ 30-ամյա պետականության կայացման ու ամրապնդման գործում։
Պետության ու հասարակության անվտանգության ապահովման գործում ոստիկանության բարդ ու կարևոր ծառայությունն իր խոսքում բարձր գնահատեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ նշելով, որ հետևողական պայքար մղելով հանցավորության դեմ՝ ոստիկանությունը իր ամենօրյա ծառայությամբ պաշտպանում է մարդու, հասարակության, պետության շահերը։
Մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորելով արցախցի գործընկերներին՝ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ընդգծեց, որ Արցախն այսօր արդեն ունի ձևավորված ոստիկանական համակարգ, բարեխիղճ ծառայողներ, որոնք հմտորեն կատարում են իրենց պարտականությունները։
Հանդիսավոր արարողությանը Արցախի Հանրապետության ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվեցին շքանշաններով, մեդալներով, այլ պարգևներով։