Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 325.1-րդ հոդվածով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է պատգամավորը՝ նշելով, որ դրանով կանոնակարգվելու է սուտ տեղեկություն տարածելու համար նախատեսվող քրեական պատասխանատվությունը:
«Մասնավորապես, հոդվածի առաջին մասով՝ սուտ տեղեկություններ տարածելը, սուտ տեղեկություններ տարածելու նպատակով մեկ ուրիշ անձի նյութապես շահագրգռելը պատժել կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` երկու տարի ժամկետով: Նույն հոդվածի երկրորդ մասով գույքային օգուտ ստանալով կամ ստանալու նպատակով կեղծ տեղեկություններ տարածելու համար առաջարկվում է սահմանել պատիժ՝ կալանք առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում երկու տարի ժամկետով: Միևնույն ժամանակ այդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցագործություն կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքի կատարումից հետո՝ ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն»,- գրել է Բաբաջանյանը:
Պատգամավորը նշել է, որ Քրեական օրենսգրքում նման փոփոխություն կատարելու իր դրդապատճառ են եղել Հայաստանի ներկայիս քաղաքական իրողությունները, որոնք արտահայտվում են համաշխարհային պրոբլեմատիկա համարվող այնպիսի երևույթով, ինչպիսին «ֆեյքնյուզն»է:
«Հատկապես 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո կեղծ և մանիպուլյատիվ տեղեկատվությունը դարձել է մեր քաղաքական, լրատվական կյանքի անբաժան մասը:
«Ֆեյքնյուզը» վերածվել է քաղաքական ընդդիմախոսներին վարկաբեկելու, նրանց հետ հաշվեհարդար տեսնելու գործիքի, ինչը գնալով ավելի մասսայական է դառնում: Հետևաբար, անհրաժեշտ է այդ խնդրին օրենսդրական կարգավորումներ տալը, որը, բնականաբար, ամբողջությամբ չի չեզոքացնի «ֆեյքնյուզի» ազդեցությունը, սակայն առնվազն զսպող նշանակություն կունենա կեղծ տեղեկատվությունը որպես քաղաքական մեթոդ օգտագործողների համար»,- գրել է Բաբաջանյանը: