
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Այն դեկտեմբերի 3-ին կայացած խորհրդարանի նիստում ներկայացրեց պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:
Նրա խոսքով՝ առաջարկվում է օրենսգրքի 33-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է ոլորտի լիազորված տեսչական մարմինը: Ըստ հիմնական զեկուցողի՝ օրենսդրական փաթեթով ՀՀ-ում աշխատանքի տեսչական համակարգն իր գործառույթներով համապատասխանեցվում է ՀՀ-ի կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին: