Կլիմայի փոփոխության և ադապտացման հիմնախնդիրները քննարկվեցին Գեղարքունիքի մարզպետարանում
Advertisement 1000 x 90

Կլիմայի փոփոխության և ադապտացման հիմնախնդիրները քննարկվեցին Գեղարքունիքի մարզպետարանում

Գեղարքունիքի մարզպետարանում  տեղի ունեցավ «Կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիությունը և հարմարվողականության գործողությունները․ Գավառի օրինակը» աշխատանքային քննարկումը, որի նպատակն էր՝ Գեղարքունիքի համայնքային ներկայացուցիչների հետ քննարկել մարզում առկա կլիմայի փոփոխության մարտահրավերներն ու ադապտացման հնարավորությունները, ինչպես նաև ներկայացնել «Գավառ համայնքի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրի» օրինակը: §Արմենպրես¦-ի տեղեկացմամբ՝ միջոցառումը կազմակերպվել էր «Ազգային հարմարվողականության ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում՝ Հայաստանի համայնքների միության, Գեղարքունիքի մարզպետարանի և Գավառի քաղաքապետարանի համագործակցությամբ:

Ողջույնի խոսքում Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը կարևորեց մարզում առկա կլիմայի փոփոխության մարտահրավերների քննարկումն ու դրանց ադապտացման միջոցառումների հստակեցումը, ինչպես նաև մարզի այլ համայնքներում «Գավառ համայնքի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրի» օրինակով միջոցառումների նախագծումը:

Հանդիպման ընթացքում ՄԱԶԾ փորձագետները ներկայացրեցին աշխարհում և Հայաստանում կլիմայի փոփոխության հետ կապված զարգացումները, կանխատեսումներն ու հարմարվողականության միջոցառումները, ինչպես նաև «Ազգային հարմարվողականության ծրագիր Հայաստանում» ծրագրի հիմնական բաղադրիչներն ու նպատակները:

«Հայաստանը կլիմայի փոփոխության առումով խոցելի երկրների շարքում է: Կլիմայի փոփոխության բացասական հետևանքներն արդեն նկատելի են երկրի ամբողջ տարածքում՝ դրանցից են հաճախակի դարձած սաստիկ շոգերը, ոռոգման և խմելու ջրային ռեսուրսների կրճատումը, բնակավայրերում և բնական միջավայրերում հրդեհների քանակի աճը և այլն: Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված հետևանքներին հարմարվողականությունն անհրաժեշտ նախապայման է դարձել երկրի կայուն զարգացման համար: Այս համատեքստում առավել կարևորում ենք «Ազգային հարմարվողականության ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի իրականացումը, քանի որ այն հնարավորություն կտա հստակեցնել կլիմայի փոփոխության հարմարվողականության անհրաժեշտ միջոցառումները և դրանք ներառել ազգային, ոլորտային, նաև տեղական կառավարման պլանավորման գործընթացներում՝ նպաստելով երկրի կայուն զարգացմանը»,- ասաց «Ազգային հարմարվողականության ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի ղեկավար Գոհար Հովհաննիսյանը:

Միջոցառման ընթացքում համայնքային ներկայացուցիչների հետ քննարկվեցին նաև, Գեղարքունիքի մարզի համայնքներում առկա կլիմայական ռիսկերը, համայնքներում հարմարվողականության ծրագրերի անհրաժեշտությունը, դրանց իրագործման հիմնական խոչընդոտներն ու խնդիրները, ինչպես նաև կանանց ու տղամարդկանց կարիքների ու պահանջների տարանջատման հաշվառման կարևորությունը ծրագրերի պլանավորման և իրագործման գործընթացներում:

«Համայնքների ներգրավվածությունն ու ակտիվ մասնակցությունը կլիմայի փոփոխության հարմարվողականության գործընթացին հույժ կարևոր է, քանի որ առկա խնդիրներն ու մարտահրավերները առավել տեսանելի են հենց տեղական մակարդակով: Այս պարագայում, մեզ համար առաջնահերթ է հարմարվողականությանն ուղղված միջոցառումների ներառումը համայնքների զարգացման ծրագրերում, ինչը, կարծում ենք,  էականորեն կնպաստի կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերների լուծմանը» ,- նշեց Հայաստանի համայնքների միության Նատալյա Լափաուրին:



Նման նյութեր