Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնվում է հանդիսությունների սրահ:
Ինչպես «Արմենպրես»–ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, հանդիսությունների սրահը հիմնվում է Դդմաշենի համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող նախկին բուժամբուլատորիայի երկհարկանի շենքում, որը վերջին տարիների ընթացքում անբարեկարգ լինելու պատճառով չէր օգտագործվում: Հանդիսությունների սրահի հիմնման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 25 միլիոն 600 հազար դրամ, որի 30 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 70 տոկոսը՝ Դդմաշենի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնել են այս տարվա սեպտեմբերի սկզբներից եւ ավարտին կհասցվեն դեկտեմբերի 15-ին: «Բուժամբուլատորիայի նախկին շենքը, մոտ 640 քմ մակերեսով, մնացել էր անօգտագործելի եւ ենթարկվում էր քայքայման: Մինչդեռ համայնքը հանդիսությունների սրահի խիստ կարիք ուներ: Ծրագրով թեեւ նախատեսված է շինարարությունն ավարտել այս տարվա դեկտեմբերի 25-ին, սակայն շինարարները խոստանում են 10 օր շուտ ավարտել:Եկող տարվանից հանդիսությունների սրահը կծառայի մեր համայնքի բնակիչների կարիքներին»,-հավաստեց Դդմաշեն համայնքի ղեկավար Ավետիս Ավետիսյանը:
Խոսրով Խլղաթյան