Երջանիկ է այն մարդը, որն ունակ է սիրելու, որն ունակ է անձնազոհության… Երջանիկ է այն մարդը, որին այդպես սիրում են․․․Հենց այսպիսի մեծ սիրո մասին է այսօրվա մեր պատմությունը:
Նաիրա Զոհրաբյան և Սամվել Մկրտչյան. զույգ, որին հաճախ նմանեցնում են Ջոն Լենոն և Յոկո Օնո զույգին: Պատճառը, թերևս մի լուսանկար է, որն առանց նրանց իմացության պտտվեց ամբողջ աշխարհի տարբեր ցուցասրահներում:
Լուսանկար, որն արվել էր «Ար» հեռուստաընկերությում՝ Գերման Ավագյանի կողմից: Դա զույգի միակ լուսանկարը չէ. ինպես ասում է Նաիրա Զոհրաբյանը՝ գրկախառնությունների շարք կա, որը դեռևս հրապարակված չէ: Իսկ Վենետիկում այս աշխատանքն արժանացել է մրցանակի: Միայն տարիներ անց՝ ամուսնու մահից հետո Նաիրա Զոհրաբյանը կտեսնի այս հայտնի լուսանկարը Գերման Ավագյանի ֆեյսբուքյան էջում:
Հավերժ սեր, որը դիմակայեց ժամանակին ու նույնիսկ բաժանմանը…
«Ես Ջոն Լենոնը չեմ
Բայց ամեն օր ապրում եմ կյանքի ու մահվան սահմանագծին.
Ու էս աղջիկը` մոնղոլ-թաթարի իր շեղ աչքերով
Ում սիրում եմ հավերժ` ինչպես Դրակուլան
Ինձ համար ամեն օր մահվան ու կյանքի էդ սահմանագիծն է.
Ես Լենըրդ Քոհենը չեմ, բայց այս աղջիկը, ով ամեն օր պատռում է իմ սիրտը
Անգամ այս սրտով ես ասում եմ` հպվիր ինձ քո մերկ ձեռքերով։
Ես Լյուցիֆերը չեմ, բայց լինում է պահ, որ ուզում եմ թաղել էս աղջկան, փակել շեղ աչքերն ու հող լցնել վրան
Որ ազատագրեմ ինքս ինձ քսանամյա էս գերությունից, որ մահապատժից վատ է։
Ու հաջորդ պահին, ինչպես Ջոն Դոնը, ուզում եմ ասել՝ «Ախ, մի մահանա, թե չէ ես կատեմ աշխարհն ու կանանց, երբ դու հեռանաս»։
Իմ ընկերը ասում է` մի օր իր սեւ մազերի պարանով ինձ կախելու է։
Ես նայում եմ սեւ մազերի պարանին ու ասում եմ իմ լավ ընկերոջը՝
Գիտեմ, որ անելու է, բայց ես էս աղջկան սիրում եմ։
Հիմա գնում եմ էս աղջկան ճանապարհելու Փարիզ՝ իր հերթական տափակ նիստին։
Ու հետ դառնալուց հիշում եմ Դիլըն Թոմասին, որ ասում էր՝ «Գժվիր, գժվիր, որ այս լույսը չմարի»»։
Սամվել Մկրտչյանի բանաստեղծությունը՝ նվիրված Նաիրա Զոհրաբյանին…
Ամբողջությամբ՝ vnews.am