Կրծքով սնուցման խրախուսման միջոցով կարելի է կանխել մինչև 5 տարեկան երեխաների մահերի 13 տոկոսը։ Հայաստանում կրծքով սնուցումը կարող է տարեկան առնվազն 60 երեխայի կյանք փրկել։
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայը, ՀՀ Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը և «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ նախագահ Մերի Ներսիսյանը ամփոփեցին «Կրծքով կերակրման հաղթարշավ» վեցամսյա ծրագրի արդյունքները։
Առաջին անգամ ցուցադրվեցին հաղթարշավի ընթացքում ստացված՝ կրծքով կերակրումը խրախուսող գովազդային պաստառները, պարգևատրվեցին կրծքով կերակրման թեմայով լուսանկարչական մրցույթի հաղթողները։ Մրցանակներ շնորհվեցին նաև բուժաշխատողների շրջանում հայտարարված «Կրծքով կերակրման բարեկամ» մրցույթի հաղթողներին։
Տանյա Ռադոչայի խոսքով` մանկական սննդի լայն տեսականու ի հայտ գալու պատճառով առաջ քաշվեց այն գաղափարը, որ ավելի լավ են երեխայի համար արհեստական կերակրատեսակները, քան մայրական կաթը։ «Այժմ բավականին լուրջ աջակցություն է պետք տալ երիտասարդ մայրերին, որպեսզի նրանք կարողանան կոտրել այդ կարծրատիպերը և վերադառնան կրծքով կերակրմանը»,- նշեց նա։
Ռադոչայը նաև վիճակագրական տվյալներ առաջ քաշեց ու ասաց, որ վերջին քսան տարիների ընթացքում բավականին լուրջ ջանքեր են գործադրվում այն ուղղությամբ, որ պահպանվեն կրծքով կերակրման ցուցանիշները. «Վերջին հետազոտությունը ցույց է տալիս, որ Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է 35 տոկոս։ Սա խնդիր է, քանի որ կրծքով կերակրումը կարևոր դեր ունի մանկական մահացության նվազեցման գործում։ Տվյալ դեպքում անհրաժեշտ է ջանքեր գործադրել, որպեսզի այդ ցուցանիշը բարձրանա։ Բացի դրանից, բավականին լուրջ աշխատանք է տարվում բուժհաստատությունների հետ, որպեսզի հեն ց իրենք խրախուսեն կրծքով կերակրելը»:
Կարինե Սարիբեկյանն իր հերթին ասաց. «Այն, որ հիմա բավականին աճել է կրծքով կերակրման ցուցանիշը, դա արդեն մեծ հաղթանակ է։ Մենք շատ դժվար ճանապարհ անցանք, երբ նորածինների մահճակալները բերեցինք և դրեցինք մայրիկների կողքին, որպեսզի հանգիստ կերակրեն մայրերը իրենց փոքրիկներին։ Սակայն սանիտարական ծառայությունը երկար ժամանակ դիմադրում էր, մինչև որ երկար պայքարից հետո նախագահի հրամանով հաստատեցինք որոշ կետեր կրծքով կերակրման հետ կապված, որոնք պարտադիր էին։ ՅՈւՆԻՍԵՖ-ի աջակցությամբ նույնպես մենք մեծ քայլերով առաջ գնացինք»: