Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ «Ուսանողական աշուն 2016» փառատոնը: Այն նվիրված էր «Ուրախների և հնարամիտների ակումբ»-ի «ЕрМИ» թիմի 25 և «Ուրախների և հնարամիտների ակումբ»-ի 55-ամյակներին: Միջոցառմանը ներկա էին «ЕрМИ» թիմի անդամներ՝ « Շարմ Հոլդինգի» գլխավոր տնօրեն, Հայաստանի ՈՒՀԱ-ի ասոցիացիայի նախագահ Կարեն Ղազարյանը, « Օտար ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի հեղինակ և վարող Ռաֆայել Հովհաննիսյանը, պրոդյուսեր ու սցենարի հեղինակ Արմեն Գրիգորյանը:
Փառատոնին իրենց լավագույն կատարումներով հանդես եկան « ЕрМИ» երիտասարդ թիմի անդամները: Միջոցառումը բազմազան և հետաքրքիր կատարումներով հարստացրեցին համալսարանի ուսանողները, որոնց շարքերում կային նաև հնդիկ ուսանողներ:
«ЕрМИ»-ի անդամները շնորհակալություն հայտնեցին Բժշկական համալսարանի ուսանողներին նման փառատոն կազմակերպելու համար և ներկայացրեցին իրենց լավագույն հումորային ելույթներից հատվածներ:
Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, ողջունելով մասնակիցներին, նշեց, որ տպավորված է «ЕрМИ»-ի երիտասարդ ուսանողների կատարումից:
«Ձեր ելույթներով ապացուցեցիք, որ կարող եք գերազանցել «ЕрМИ» ակումբի ավագ սերունդներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մուրադյանը:
Փառատոնը եզրափակիչ ծրագրում ցուցադրվեց «ЕрМИ»-ի ակումբի անցած ուղին և լավագույն կատարումները: