Իրաքի Քաղդեական կաթոլիկ եկեղեցու հովվապետ կարդինալ-պատրիարք Լուիս Ռաֆայել Ա Սակոն հայտարարել Է Սուրբ Ծննդի տոնակատարությունը չեղյալ հայտարարելու մասին՝ ի հիշատակ բողոքների ժամանակ զոհված համաքաղաքացիների: Դեկտեմբերի 4-ին այդ մասին հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը:
«Եկեղեցիներում եւ փողոցներում չեն կանգնեցվի սուրբծննդյան եղեւնիներ, չեղյալ են հայտարարվում ամեն կարգի տոնակատարություններն ու ընդունելությունները պատրիարքարանում»,- մեջբերում Է անում հեռուստաալիքը կարդինալ-պատրիարքի հայտարարությունից, որն այդ որոշումը բացատրել Է «բողոքի ակցիաների զոհված ու վիրավոր մասնակիցների եւ անվտանգության ուժերի զոհված ու վիրավոր աշխատակիցների հիշատակի հարգմամբ, ինչպես նաեւ նրանց ընտանիքների հետ համերաշխությամբ»: Իրաքում բողոքի ելույթները չեն դադարում հոկտեմբերի սկզբից, երբ սկսեցին քաղաքների փողոցներ դուրս գալ մարդիկ, որոնք դժգոհ են կենսապայմանների վատթարացումից, երիտասարդության շրջանում բարձր գործազրկությունից եւ կոռուպցիայից: Գործնականում ամենուրեք ցույցերն ուղեկցվում են բռնությամբ եւ անկարգություններով: Բողոքավորները պահանջում են կառավարության հրաժարականը եւ խորհրդարանի վաղաժամկետ ընտրությունների անցկացում: ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ հոկտեմբերի սկզբից ի վեր այդ ակցիաների ընթացքում զոհվել Է ավելի քան 400 ցուցարար, վիրավորների թիվը հասնում Է 19 հազարի: