Բարտերային փոխանակումը ինտերնետի դարում կարող է կրկին պահանջված դառնալ։ Այսպես է կարծում արմատներով արցախցի հայ Առաքել Խիդիրյանը, ով Ղազախստանում հիմնել է Barter System առցանց հարթակը։
Խիդիրյանի խոսքով` ինտերնետը թույլ է տալիս ոչ միայն անմիջական, այլև բազմակողմանի բարտեր իրականացնել։ Օրինակ, հարթակում ներկայացրել եք հեռախոսը և վաճառել այն հարթակի ներքին արժույթով (barter money)։ Այն ստանալուց հետո պարտադիր չէ, որ ձեր գնորդից փոխարենն ինչ–որ բան վերցնեք։ Կարելի է կամ նրանից ինչ–որ բան վերցնել, կամ որևէ այլ մեկից, կամ կարող եք պարզապես թողնել ձեր հաշվի վրա։
«Նրանք, ովքեր գրանցվում են որպես ապրանքի մատակարար, մեկնարկային մինուսային լիմիտ են ստանում։ Այդպես համակարգում գումար է ձևավորվում։ Այն թույլ է տալիս ինչ–որ բան սպառել համակարգից, այնուհետև անձամբ այնտեղ մատակարարումներ իրականացնել։ Վաճառքի միջոցով դուք մինուսից պլյուսի եք դուրս գալիս»,–պարզաբանեց Խիդիրյանը։
Իր նախագիծը նա ներկայացրել է նաև Հայաստանում (ամռանը Sevan Startup Summit 2019 ֆորումի ժամանակ)։ Այն ժամանակ համակարգում արդեն 60-ից ավելի ղազախստանցի օգտատեր կար (սկզբնական փուլում նախագիծը փորձարկվում է միայն ձեռնարկություններում)։ Երկու ամսվա ընթացքում օգտատերերի թիվը հասել է մինչև 350–ի (միևնույն ժամանակ, մաղվում էին նրանք, ովքեր բոնուսներ էին ստանում նոր սպառողներ ներգրավման համար, ծախսում էին այն, բայց հրաժարվում էին անձամբ որևէ ապրանք տեղադրել)։
«Մասնավոր անձանց հետաքրքիր կլինի փորձել այս համակարգը, կարծում եմ` բիզնեսին էլ։ Սկզբի համար նրանք կկարողանան այդպես վաճառել իրենց ապրանքները, որոնք չեն կարողացել այլ կերպ վաճառել։ Ուզում ենք այն նաև Հայաստանում բացել»,–ասաց Խիդիրյանը։
Հարթակով կամ առանց դրա` Առաքելն աշխատում է Հայաստանում հնարավորինս հաճախ լինել։ Նա այստեղ է բերում նաև երեխաներին (հոր պես` նրանք էլ չեն մոռանում մայրենի լեզուն)։