2018 թվականին կարմրուկը դարձել է 140 հազար մարդու մահվան պատճառ։ Այս մասին վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նոր տվյալները։ Հիվանդության զոհերի մեծ մասը մինչև 5 տարեկան երեխաներն են։
ԱՀԿ մասնագետների խոսքով՝ փոքր տարիքի երեխաների մոտ առավել մեծ է բարդությունների վտանգը կարմրուկով վարակվելուց հետո. նրանք ավելի հաճախ են հիվանդանում թոքաբորբով և էնցեֆալիտով, և նրանց մոտ հիվանդությունից հետո առաջանում է հաշմանդամություն։
Ամենից շատ կարմրուկի պատճառով 2018-ին տուժել են Ուկրաինան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Լիբերիան, Մադագասկարը և Սոմալին. այս երկրներին բաժին է ընկել կարմրուկի բոլոր դեպքերի կեսը։
Համաձայն վիճակագրական վերլուծության, որն անցկացվել է այս տարի, 2018 թվականին աշխարհում կարմրուկով հիվանդացել է 9 մլն 769 հազար 400 մարդ, որոնցից 142 հազար 300-ը մահացել է; 2017-ին կարմրուկով հիվանդացածների թիվը աշխարհում կազմել է 7 մլն 585 հազար 900 մարդ, հիվանդությունից մահացել է 124 հազարը։