Կենսակերպը մեծ նշանակություն ունի մեր ծերանալու առումով, պնդում է սրտաբան, Մյունխենի (Գերմանիա) Տեխնիկական համալսարանի բժշկական ֆակուլտետի պրոֆիլակտիկ և վերականգնողական սպորտային բժշկության ամբիոնի ավագ բժշկական տնօրեն Մարտին Հալեն: Առողջ ապրելակերպ վարող մարդիկ ավելի դանդաղ են ծերանում և ավելի երիտասարդ տեսք ունեն՝ ի տարբերություն վատ սովորություններ ունեցող մարդկանց:
Focus պարբերականին տված հարցազրույցում սրտաբանը նշել է, որ բոլոր մարդկանց մոտ օրգանիզմը ծերանում է տարբեր արագությամբ, սակայն միևնույն ժամանակ որոշ մարդիկ գտնվում են լավ վիճակում 60 տարեկանում, մյուսներն արդեն 30 տարեկանում ունեն առողջության տարբեր խնդիրների մասին գանգատներ:
Դրա պատճառներից են ոչ միայն գեները, այլ նաև կենսակերպը, ընդգծում է մասնագետը:
Մարտին Հալեի խոսքով՝ կան տարբեր գործոններ, որոնք ստիպում են մեզ ավելի արագ ծերանալ.
- անգործությունը,
- ավելորդ քաշը,
- սթրեսը,
- սննդարար նյութերի պակասը,
- ծխելը
- արյան բարձր ճնշումը,
- արյան մեջ լիպիդների բարձր պարունակությունը,
- շաքարային դիաբետը:
Եթե մարդը ցանկանում է ավելի երկար մնալ առողջ և ունենալ երիտասարդ տեսք՝ անկախ տարիքից, անհրաժեշտ է ազատվել վերոնշյալ բոլոր ռիսկային գործոններից, պնդում են մասնագետները: