1960-70-ական թվականներին հայ հետախույզները 7 տարի շարունակ գաղտնալսել են Բեյրութում Մեծ Բրիտանիայի դեսպանի աշխատասենյակը։ Թե ում ու ինչպես է հաջողվել գաղտնալսող սարքավորումներ տեղադրել դեսպանատան ամենապահպանվող սենյակում, Sputnik Արմենիային պատմեց Հայաստանի անվտանգության համակարգի վետերան Պետրոս Պետրոսյանը։
«5 տարի Բեյրութում եմ ծառայել։ Հյուպատոսն եմ եղել`դիվանագիտական պաշտոնի քողարկման տակ։ Մի տարի դեռ չէր լրացել` մի հայուհու հավաքագրեցի ու նրա միջոցով 6 ամսվա ընթացքում կարողացա գաղտնալսող տեխնիկա տեղադրել դեսպանի աշխատասենյակում»,- հիշում է Պետրոսյանը։
Վետերանը նշում է, որ այդ տարիներին գաղտնալսող տեխնիկան շատ հեռու էր տեխնիկական այսօրվա միջոցներից։ Սարքերը շատ մեծ էին ու արագ լիցքաթափվում էին, և հաճախակի կարիք էր լինում դրանք փոխելու։
«Մեր աղջիկն այնտեղ հավաքարար էր աշխատում։ Նա կրծքի տակ թաքցրած ներս էր տանում տեխնիկան։ Իսկ դեսպանատան վերակացուն քուրդ տղամարդ էր, որն անտարբեր չէր այդ աղջկա նկատմամբ։ Սա այդ աղջկա հետ սիրախաղ էր անում։ Ամեն անգամ ասում էր` արի մի հատ պաչեմ։ Աղջիկն էլ ասում էր` չէ, գնա մի հատ ջուր բեր, նոր։ Մինչև սա գնում էր, ջուր էր բերում, աղջիկն արդեն գործն ավարտած էր լինում։ Նոր սարքերը տեղադրում էր, հինը` հանում սենյակից»,- պատմեց Պետրոսյանը։
Պետրոս Պետրոսյանը ցույց է տալիս գաղտնալսող տեխնիկան
Լեգենդար հետախույզի խոսքով` այդ երկրի հատուկ ծառայության աշխատակիցները թեև գլխի էին ընկել, որ դեսպանատունը գաղտնալսվում է, բայց 7 տարի շարունակ չէին կարողանում բացահայտել` ինչպես։
«Ու սկսեցին դեսպանատունը 10 հոգով նայել։ Ամեն տեղ նայեցին, ոչ մի բան չգտան։ Միակ տեղը, որ չստուգեցին, դեսպանի սենյակն էր, որովհետև նման հանդգնության չէին սպասում, որ հենց դեսպանի սենյակում դրած կլինենք»,- պատմում է Պետրոսյանը։
Մի օր առավոտյան դեսպանատան հայ հավաքարարուհուն անվտանգության ծառայությունը կանչում է դեսպանի աշխատասենյակ։ Մինչ այդ խորհրդային հետախուզությունը նրան արդեն զգուշացրած է լինում ու հրահանգավորած, թե ինչպես պետք է դրսևորի իրեն նման դեպքում։
«Մտնում է ներս, տեսնում գաղտնալսող տեխնիկան արդեն հանված, սեղանի անկյունում դրված է։ Սա որ տեսնում է, արդեն իրեն հավաքում է։ Խաչաձև հարցեր են տալիս. ինչ հարցնում են` հանգիստ պատասխանում է։ Չեն կարողանում ոչ մի բան հաստատել։ Ասում են` լավ, գնա, վաղը կշարունակենք։ Հենց դուրս է գալիս, մենք իրեն վերցնում, տանում ենք»,- պատմեց Պետրոսյանը։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am