Միդելհարնիսում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցավ 75 տարի առաջ նացիստների կողմից գնդակահարված հայ զինվորների հիշատակի ոգեկոչման արարողությունը, որին ներկա էին Նիդերլանդներում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Շուլգինը, Բելառուսի գործերի հավատարմատար Ստանիսլավ Վասիլևսկին, Խուրե-Աֆերլակենի փոխքաղաքապետ Թեա Բոտ-Ֆերհուֆենը, ՆԱՏՕ-ում ՀՀ ռազմական ներկայացուցիչ գնդապետ Սուրեն Դարբինյան, Նիդերլանդներում ՌԴ ռազմական կցորդ գնդապետ Միխաիլ Կլիմուկը, Նիդերլանդներում Ուկրաինայի ռազմական կցորդ կապիտան Վոլոդիմիր Դենիսովը, նիդերլանդահայ համայնքային կառույցների ղեկավարներ, Նիդերլանդներում գերության մեջ եղած հայ զինվորների ժառանգներ և նիդերլանդացի պատմաբաններ։ Այս մասին հայտնեցին Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից:
Դիմելով ոգեկոչման արարողության մասնակիցներին՝ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը նշեց, որ այս տարի Նիդերլանդներում մեծ շուքով տոնվող ազատագրման գործում իրենց ուրույն դերն են ունեցել նաև հայերը, ովքեր իրենց համախոհների հետ համատեղ պայքարել են նացիստների դեմ և շնորհակալություն հայտնեց Խուրե-Աֆերլակենի իշխանություններին հայ զինվորների հիշատակը հավերժ պահելու և հուշարձանին հոգատարությամբ վերաբերվելու համար։ «Խորհրդանշական է, որ այսօր նշվում է նաև Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը, որի հռչակման մասին որոշումը միաձայն ընդունվել է 2015թ. սեպտեմբերի 11-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի ընթացքում, և այստեղ նահատակված 7 զինվորներն իրենց ներդրումն են ունեցել ցեղասպան ռեժիմներից մեկի տապալման գործում», ասաց Տիգրան Բալայանը։
Արարողությունից հետո տեղի ունեցած հյուրասիրության ընթացքում պատմաբան Յորիս Ֆերստեխը ներկայացրեց ռազմագերիների պատմությունը, ըստ որի գնդակահարված ռազմագերիներից մեկն իրականում հրեա է եղել, սակայն հայ զինվորները նրան ներկայացրել են որպես հայ՝ այդպիսով շուրջ երեք տարի պահպանելով նրա կյանքը։
Ամստերդամի «Սուրբ հոգի» հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Տարոն Թադևոսյանի կողմից նաև հոգեհանգստի կարգ մատուցվեց։