Կհաջողվի՞ Գարիկ Պապոյանին հաղթել Jingle Bells-ին. նա փորձում է հուսախաբ չանել Փաշինյանին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Կհաջողվի՞ Գարիկ Պապոյանին հաղթել Jingle Bells-ին. նա փորձում է հուսախաբ չանել Փաշինյանին. armeniasputnik.am

Երաժիշտ, հումորիստ Գարիկ Պապոյանը հուսով է, որ կկարողանա արդարացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հույսերը և իր գրած ամանորյա երգը իսկապես մրցունակ կլինի Jingle Bells-ի հետ։ Այս մասին նա ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցցանցի իր էջի ուղիղ եթերով ասել էր, որ հանձնարարել է Ամանորի երգ գրել, որը պետք է ավելի հայտնի դառնա, քան Jingle Bells-ը։ Նա տեղեկացրել էր, որ մեկ երգ արդեն գրել են։ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն իր հերթին հայտնել էր, որ երգը գրել է Գարիկ Պապոյանը, իսկ այն կկատարի երգչուհի Սոնա Ռուբենյանը։

Գարիկ Պապոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բավական երկար ժամանակ մտադիր էր Ամանորի երգ գրել և ի սկզբանե ծրագրում էր, որ այն մելոդիկ ստեղծագործություն է լինելու։ Արդեն աշխատում էր իր նոր ստեղծագործության վրա, երբ նրան զանգահարել է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը և խնդրել աշխույժ հիթ գրել, որի տակ հնարավոր կլինի պարել և ուրախանալ։

«Կարծում եմ` Ամանորն այն թեման է, որ ցանկացած ստեղծագործություն միտված է շատ կարճատև կյանք ունենալու, և այդ կարճ ժամանակի մեջ այն շատերին, եթե ոչ բոլորին ուրախացնելու համար է։ Բայց երգի վրա կատարվող աշխատանքներն իրենց ծավալով և ժամանակահատվածով չեն զիջում մնացած երգերի աշխատանքներին, այսինքն` տևում են օրեր, ժամեր, շաբաթներ։ Այդքանով հանդերձ, դրա ակտուալությունը կարող է տեղավորվել ուղղակի տասն օրվա մեջ ու անցնել, գնալ։ Ամեն դեպքում ամանորյա երգ ունենալը իմ ու Սոնայի համար վաղուց նպատակ ու երազանք էր»,- ասաց նա։

Գարիկը մի քանի օրում գրել է երգի երաժշտությունը և որոշել, որ խոսքերը պետք է գրի Ավետ Բարսեղյանը։ Մինչև Պապոյանը կներկայացներ իր գաղափարն ու երաժշտությունը, Բարսեղյանն արդեն հորինել էր տեքստի կեսը, իսկ ավելի ուշ պատրաստի երգը կատարեց Սոնա Ռուբենյանը։ Այժմ երգը գտնվում է ավարտական փուլում, վերջին շտկումներն են արվում, նաև տեսահոլովակ է նկարահանվելու։

«Ես չգիտեի, որ վարչապետը նման խնդիր է դրել։ Նույնիսկ չէի մտածում որևէ հիթի հետ մրցունակ լինելու մասին, սակայն ինձ շատ է դուր գալիս նրա ցանկությունը։ Հաջողությունը չեն պլանավորում։ Որպես կանոն՝ դա հանկարծակի է ստացվում, սակայն հուսանք, որ Փաշինյանի ցանկությունը կկատարվի»,- նշեց երգի հեղինակը։

Պապոյանը ծրագրում է աշխատանքներն ավարտել դեկտեմբերի 20-21-ին և ներկայացնել այն ունկնդրին։

Նշենք, որ այս տարի հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 21-ին, ժամը 20:00-ին։ Իսկ ժամը 22:00-ին կբացվի սուրբծննդյան տոնավաճառը։ Այնուհետև երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին կներկայացվի հայ արտիստների մասնակցությամբ հետաքրքիր մյուզիքլը։

Բուն միջոցառումները մեկնարկելու են դեկտեմբերի 31-ին, ժամը 22:00-ին Հանրապետության հրապարակում հայ աստղերի մասնակցությամբ։ 23:45-ին Հանրապետության հրապարակից ուղիղ միացմամբ ամանորյա ուղերձով հանդես է գալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա ելույթը հեռարձակվելու է հրապարակում տեղադրված մեծ էկրաններին։ Կեսգիշերն անց ելույթ է ունենալու համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտ և կոմպոզիտոր Գորան Բրեգովիչն իր նվագախմբով։

armeniasputnik.am