Երևանում 2020 թվականի համայնքային բյուջեով բակերի հիմնանորոգման և նորերի ստեղծման համար նախատեսվել է 1 մլրդ 34 մլն 100 հազար դրամ: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Այդ միջոցների շրջանակում նախատեսված է նաև, որ բակերն, ըստ անհրաժեշտության, կհամալրվեն նոր մարզասարքերով: Բակերում ֆուտբոլի մինի դաշտերը հաջորդ տարի համայնքային բյուջեով չեն կառուցվելու, սակայն այդ բացը կլրացվի այլ ձևով: Մասնավորապես «Ակտիվ քաղաքացի» հարթակի շրջանակներում նախատեսվում է մի քանի մարզահրապարակի կառուցում։
Քաղաքապետարանից նշում են, որ «Ակտիվ քաղաքացի» հարթակում քաղաքացիների կողմից եղել են բակերի բարեկարգման մի քանի նոր գաղափարներ, որոնք 2020 թվականին ծրագրի բյուջեով կյանքի կկոչվեն:
Ինչ վերաբերում է այն բակերին, որտեղ դեռ շարունակում են գերակշռել ավտոտնակները, ապա քաղաքապետարանը տեղեկացրեց, որ Երևանի գոտիավորման նախագծերի հիման վրա կատարված ուսումնասիրությունների արդյունքում իրականացվելու է խաղահրապարակների բարեկարգման նորմերի ստեղծման աշխատանքը: Ըստ ծրագրի՝ վարչական շրջաններում,մասնավորապես շենքերի բակային հատվածներում իրականացվելու են բարեկարգման աշխատանքներ: Ծրագիրը մասնավորապես վերաբերում է անկազմակերպ տեղադրված ավտոտնակների, ինչպես նաև խարխուլ շինությունների ծանրաբեռնված տարածքների մաքրմանը, տեղում ստորգետնյա ավտոկայանատեղերի, իսկ վերգետնյա հատվածներում հանգստի, ժամանցի, մանկական խաղահրապարակների պատրաստմանը, կանաչապատմանն ու բարեկարգմանը: