
Միավորված ազգերի կազմակերպության որոշմամբ այսուհետ հուլիսի 20-ը կնշվի շախմատի միջազգային օրը:
ՄԱԿ-ում միաձայն ընդունվել է հուլիսի 20-ը Շախմատի միջազգային օր հռչակելու մասին բանաձև, որը հեղինակել էր Հայաստանը և համահեղինակվել 54 երկրի կողմից:
Հայաստանում շախմատը հայտնի է դեռ վաղ միջնադարից, սակայն լայն ճանաչում է ստացել ԽՍՀՄ տարիներին: Երկրի ամենաժողովրդական խաղերից է: Հայաստանում շախմատը լայն ճանաչում է ձեռք բերել 1960-ական թվականներին, երբ Տիգրան Պետրոսյանը դարձավ շախմատի աշխարհի չեմպիոն: Մոտ երեք միլիոն բնակչությամբ Հայաստանը համարվում է աշխարհի ամենաուժեղ շախմատային երկրներից մեկը: Հայաստանն աշխարհում մեկ շնչի հաշվով ամենաշատ գրոսմայստերներ ունեցող երկրներից է: Անկախացումից հետո Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Եվրոպայի թիմային առաջնությունում (1999), աշխարհի առաջնությունում (2011) և շախմատային օլիմպիադայում (2006, 2008, 2012)։ Կանանց հավաքականը հաղթել է 2003 թվականի Եվրոպայի առաջնությունում։