Ամփոփվեց «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2019» ծրագիրը
Advertisement 1000 x 90

Ամփոփվեց «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2019» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2019» ծրագիրը: Դեկտեմբերի 12-ին Երևանի պետական կամերային թատրոնում տեղի է ունեցել ծրագրի փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը, որին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Աս մասին գրում է ԿԳՄՍ լրատվության բաժինը: Նախարարը, ներկաներին շնորհավորելով ծրագրի շրջանակում հաղթելու կապակցությամբ, ասել է, որ մասնակից վառ անհատները կարող են ապահովել մեր հասարակության առաջընթացը. «Անհատը՝ որպես մեր հասարակության կարևոր բաղադրիչ, ապահովում է մեր առաջընթացն անձնական վերափոխմամբ։ Երբե՛ք չդադարեք երազել, երբե՛ք։ Դա հաղթանակների ու հաջողությունների հասնելու համար ամենակարևոր բաղադրատոմսն է»,- ասել է Ա. Հարությունյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2019» ծրագրի անցկացմամբ նպատակ ունի խթանել հանրային կյանքին երիտասարդների մասնակցությունը, խրախուսել տարվա ընթացքում նշանակալի հաջողություններ ցուցաբերած երիտասարդներին, երիտասարդական խմբերին և երիտասարդական հասարակական կազմակերպություններին, արժևորել նրանց ձեռքբերումները, բարձրացնել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման ակտիվ գործընթացներում երիտասարդների ներգրավվածության մակարդակը:

Այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվել է 11 անվանակարգում: Հայտերի ընդունումը սկսվել է հոկտեմբերի 21-ից և շարունակվել մինչև նոյեմբերի 23-ը։ Առցանց հայտը կարող էր լրացնել յուրաքանչյուր անձ՝ առաջարկելով 2019 թվականի ընթացքում իրենց նշանակալի ձեռքբերումներով աչքի ընկած 16-30 տարեկան երիտասարդների, երիտասարդական խմբերի (խմբի անդամներից առնվազն մեկը պետք է լիներ երիտասարդ) թեկնածություններ՝  նշված 11 անվանակարգերից յուրաքանչյուրում: Բոլոր անվանակարգերի լավագույն եռյակում հայտնված երիտասարդները հրավիրվել էին մասնակցելու միջոցառմանը, որի ժամանակ էլ տեղի ունեցավ հաղթողների որոշումը՝ առցանց քվեարկությամբ և Երևանի պետական կամերային թատրոնում գտնվող ներկաների մասնակցությամբ։

«Երիտասարդական մրցանակաբաշխություն 2019»-ի մրցանակակիրները

1. Երիտասարդ բժիշկ – Լիլիթ Խաչատրյան,
2. Երիտասարդ բնապահպան – GyumRiver,
3. Երիտասարդ գյուղատնտես – Արամ Վերդյան,
4. Երիտասարդ գիտնական – Մարիա Անտոնոսյան,
5. Երիտասարդ մշակութային գործիչ/կոլեկտիվ – Սաղսարա,
6. Հայրենիքի երիտասարդ պաշտպան – Արեն Շախկյան, Հրանտ Սարկիսով, Արգիշտի Ղարդաշյան,
7. Երիտասարդական աշխատող – Լիլիթ Մակարյան,
8. Երիտասարդ մարզիկ – Արթուր Ավետիսյան,
9. Երիտասարդ հայրենադարձ – Նարեկ Սուսանի,
10. Երիտասարդ գործարար – Անի Անտոնյան,
11. Տարվա երիտասարդ – Տիգրան Մալխասյան։