Գտնում եմ, որ պետք է կանգ առնել, շունչ քաշել։ Այս մասին Aysor.am-ի «Պրոֆիլ» հաղորդման ընթացքում անդրադառնալով հարցին, թե արդյոք քաղաքականության էջն այլևս իր համար փակ է, ասել է Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը։
«Պետք է կանգ առնել, շունչ քաշել։ Ես չեմ ասում, որ իմ հնարավորությունները, գիտելիքները, փորձն արդեն վերջացած են, ոչ։ Բայց ես հիմա դա փոխանցում եմ երիտասարդներին, ուսանողությանս և ուրախ եմ, որ ուսանողները շատ ջերմությամբ են դա ընդունում, ընկալում։ Կարծում եմ՝ իմ աշխատանքի տարիների ընթացքում այնքան նյութ է կուտակվել, որ պետք է մի քիչ էլ դրանք դասդասել»,- ասել է Հրանուշ Հակոբյանը։
Նախկին նախարարը հավելել է, որ գիտամանկավարժական գործունեությունից բացի հանդիսանում է նաև Հայ կանանց միջազգային միության նախագահը, որի շրջանակներում ակտիվ հասարակական գործունեություն է ծավալում, շարունակում է զբաղվել նաև սփյուռքահայության խնդիրներով։
Անդրադառնալով հարցին, թե ինքը պաշտոնավարել է Հայաստանի բոլոր նախկին իշխանությունների օրոք, ինչու այդ շարունակականությունը չպահպանվեց նոր իշխանությունների օրոք՝ Հրանուշ Հակոբյանն ասել է.
«Եկան երիտասարդները և իրենք էլ թող շարունակեն իրենց աշխատանքը։ Անպայման պետք է լինի նաև այնպիսի իրավիճակ, որ հները պետք է գնան, նորերը պետք է գան, թարմություն պետք է լինի։ Հիմա, եթե նպատակահարմար է երիտասարդների աշխատանքը, թող իրենք աշխատեն, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում»։