Ես Հանրապետական կուսակցությունը չնախընտրեցի, որպեսզի ինձ համար ճամփա հարթեմ։ Իմ ճամփան ես էի հարթում իմ ընտրողների միջոցով։ Այս մասին Aysor.am-ի «Պրոֆիլ» հաղորդման ընթացքում անդրադառնալով հարցին, թե շուրջ 18 տարի անկուսակցական լինելուց հետո, ինչու 2007 թվականին անդամակցեց Հայաստանի Հանրապետական կուսակցությանն, ասել է Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը։
«17-18 տարի շարունակ անկախ նրանից, որ Հայաստանում մոտ հարյուր կուսակցություն ստեղծվեց, ես տասնյակ կուսակցություններից՝ այդ թվում նաև դասական կուսակցություններից առաջարկներ ստացա, որ դառնամ իրենց կուսակցության անդամը, ես նպատակահարմար գտա, որ ավելի լավ է անկախ գործեմ, որովհետև այդ պահին չէի ուզում որևէ կուսակցական գործունեություն ծավալել, ավելի լավ էր ես ընտրողներիս ծառայեի և այդպես էլ վարվեցի։ Տարիների ընթացքում, երբ պառլամենտը դարձավ իրոք քաղաքական, մենք առաջին խորհրդարանում, երկրորդ խորհրդարանում ավելի շատ պետական, ազգային խնդիրներ էինք լուծում, այնուհետև քաղաքականացվեց և խմբակցություններն էին որոշում ինչպես վարվել։ Որպեսզի դու կարողանայիր օրենք անկացնել, եթե խմբակցությունները չհամաձայնեին, դու չէիր կարող որևէ օրենք, հարց բարձրացնել և լուծում տալ։ Ես հարյուրից ավելի օրենքներ եմ գրել և անցկացրել։ Սկզբում ավելի հեշտ էր, հետագայում շատ դժվարացավ, ես հասկացա, որ միայնակ պառլամենտում ի վիճակի չեմ օրենք ընդունելու»,- ասել է Հրանուշ Հակոբյանը։
Նախկին նախարարի խոսքով՝ այդ փուլում արդեն անհրաժեշտություն առաջացավ ընտրողների շահերը լիակատար ներկայացնելու համար համագործակցել որևէ կուսակցության հետ։
«Այդ պահին կայացած, խոշոր, համենայնդեպս իր գաղափարներով, նժդեհական գաղափարներով առավել ազգային կուսակցությունը Հանրապետական կուսակցությունն էր և ես նախընտրեցի, որ առավել ճիշտ կլինի լինել Հանրապետական կուսակցության անդամ։ Ի տարբերություն շատ շատերի ես Հանրապետական կուսակցությունը չնախընտրեցի, որպեսզի ինձ համար ճամփա հարթեմ, որովհետև իմ ճամփան ես էի հարթում իմ ընտրողների միջոցով, ինձ ընտրում էր ժողովուրդը։ Ես Հանրապետական կուսակցության ջանքերով չէի գալիս պառլամենտ, հետևաբար ուզում եմ ասել՝ ինձ արդեն մտահոգում էր իմ ընտրողների խնդիրներին լուծում տալը։ Այդ էր պատճառը նաև, որ ես գտա, որ պառլամենտն արդեն քաղաքական է և դու միայնակ աշխատել չես կարող»,- ասել է Հրանուշ Հակոբյանը։