ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանն ArmSport-ին տված հարցազրույցում խոսել է իր շանսերի, ընտրապայքարի, իր ծրագրերի ու մի շարք այլ հարցերի մասին:
Թովմաս Գրիգորյանի հետ հարցազրույցի առաջին և երկրորդ մասերը կարող եք տեսնել այստեղ և այստեղ:
– Պարոն Գրիգորյան, հաշված օրեր են մնացել ՀՖՖ նախագահի ընտրություններին: Ինչպե՞ս եք տրամադրված ու ինչպե՞ս է ընթանում պայքարը:
– Շատ լավ եմ տրամադրված: Լավատես եմ ու հաղթանակի ակնկալիք ունեմ:
– Մեզ տված նախորդ հարցազրույցում, երբ դեռ քարոզարշավը չէր մեկնարկել, նշել էիք, որ 70% և ավելի համախմբում կա Ձեր և Ձեր թիմի շուրջը: Շարունակո՞ւմ եք մնալ այդ կարծիքին:
– Այդ ժամանակ դեռ ՀԿ-ների կասեցումը չէր եղել, ինչը եղավ անարդար, ոչ ճիշտ ձևակերպումով: Օրինակ «Ֆուտբոլի զարգացման հիմնադրամը», որի ֆուտբոլային գործունեությունը բացարձակապես որևէ քննման ենթակա չէ, մարդ, որը ֆուտբոլի բնագավառում մի շարք բարեգործություններ է արել, ի դեպ վերջինը՝ նոյեմբերին, համարվում է, որ ֆուտբոլային գործունեություն չի ծավալել: Իսկ հեռուստատեսությունում ֆուտբոլային հաղորդում ունենալը, խաղեր մեկնաբանելն ու վճարովի աշխատանք կատարելը համարվում է ֆուտբոլային գործունեություն: ՀՖՖ-ի 9 անդամներից 7-ի ձայնը իմն էր, նրանց անդամությունը կասեցրին: Բայց այս պահին էլ բարձր եմ գնահատում իմ հնարավորությունները, քանի որ կա ֆուտբոլային աշխարհի կոնսոլիդացիա, մեր ծրագրերի շուրջ համախմբում:
– Ի դեպ, Արմեն Մելիքբեկյանին ավելի վաղ կոչ էիք արել այս ընթացքում արձակուրդի գնալ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՖՖ համաժողովի կազմակերպմանը նա անմիջական մասնակցություն է ունենալու: Այս առումով ի՞նչ ռիսկեր եք տեսնում:
– Արմեն Մելիքբեկյանը ԶԼՄ-ների միջոցով ինձ պատասխանեց, որ ես եմ իրեն տվել ժողովը անցկացնելու իրավասությունը, բայց այն ժամանակ, երբ մենք Գործկոմով հաստատում էինք այն փաստը, որ ինքը անցկացնի ժողովը, ինքն ասում էր, թե չի առաջադրվելու ՀՖՖ նախագահի պաշտոնում: Բայց երբ առաջադրվեց, թե՛ բարոյապես և թե՛ բոլոր նորմերով պարտավոր էր աշխատանքի չգնալ ՀՖՖ, բայց հենց այս պահին էլ ինքն աշխատում է այդ թիմի հետ ու կազմակերպում ընտրությունները:
– Նշեցիք, որ հավատում եք Ձեր հաղթանակին: Իսկ պատկերացրե՞լ եք` ինչ կլինի հակառակ սցենարի` Ձեր չընտրվելու դեպքում: Արդյոք կշարունակե՞ք աշխատանքը ՀՖՖ-ում, ու առհասարակ ինչպե՞ս եք պատկերացնում համատեղ աշխատանքն Արմեն Մելիքբեկյանի հետ:
– Շատ բարդ հարց եք տալիս: Չեմ մտածել այդ մասին ու չեմ ուզում մտածել այդ մասին: Ասացի, որ կա մեծ կոնսոլիդացիա, 70 և ավելի տոկոսի համախմբում իմ և իմ թիմի շուրջ անգամ այս պահին: Իրենք ինչ էլ անեն, չի ստացվելու: Եթե շատ մեծ խախտումներ իրականացնեն, մենք կփորձենք պայքարել մեր իրավունքները վերականգնելու համար: Իմ չընտրվելու պարագայում պարզապես չեմ տեսնում, որ ես և Արմեն Մելիքբեկյանը կարող ենք միասին աշխատել, որովհետև ֆուտբոլի զարգացման իմ տեսլականն ուրիշ վեկտոր ունի, իսկ իրենը, առհասարակ, չգիտեմ՝ ունի՞ վեկտոր, թե՞ ոչ:
Սա բացառիկ հնարավորություն էր, երբ իշխանությունները կամք էին դրսևորել ու լինելու էր մրցակցային պայքար, իսկ դա ենթադրում էր գիտելիքի, տեսլականի, քայլերի ներկայացումը ֆուտբոլային ընտանիքին: Բայց նման բան ոչ ոք չտեսավ, քանի որ Արմեն Մելիքբեկյանը հետևյալ քաղաքականությունն է որդեգրել՝ երկրպագուներին ու ֆուտբոլային հանրությանը մանիպուլյացայի միջոցով տրամադրում է մյուս թեկնածուի դեմ՝ ասելով, թե սա սրա հետ է, նա նրա հետ է: Բայց մենք իրենց ուղնուծոծով գիտենք, գիտենք, թե իրենք ում հետ են, ումից են փողեր վերցրել,ինչպես են հաղորդումներ կազմակերպել գրպանային փողերով: Ամեն ինչ գիտենք իրենց մասին, բայց նրանք այսօր ինձ կապում են այն մարդկանց հետ, ովքեր տարիներ շարունակ իրենց վճարել են համապատասխան գործողություններ անելու համար: Տեղի ունեցավ պարզապես բամբասանք: Ես մինչև այսօր որևէ սև PR չեմ արել, բայց երեկ վրդովվեցի, երբ Արմեն Մելիքբեկյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասաց, որ ես հին մարդ եմ: Չեմ կարողանում հասկանալ՝ ինչ ասել է հին մարդ լինել: Այո ես հին մարդ եմ ավանդապաշտությամբ, այո ես հին եմ ընտանիքասիրությամբ, այո ես հին եմ մեր խորը հայկական արմատների ու հայրենասիրության մեջ, այո ես հին եմ մեր հայ ազգի ունեցածը գնահատելով ու արժևորելով: Բայց մյուս ասպեկտներում ես միշտ ներկա եմ: Ես երբեք հին ու նոր չեմ լինելու:
Ամբողջությամբ՝ armsport.am