Դեկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայություն այցի շրջանակում ԱԱԾ աշխատակցի օրվա առիթով պարգևներ և շնորհակալագրեր հանձնեց մի խումբ սպաների: Factor.am-ը պարզեց, որ պարգևատրվածների թվում է նաև վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի անվտանգությունն ապահովող ԱԱԾ աշխատակիցը: Խոսքը Պետական պահպանության ծառայության ավագ թիկնապահ, մայոր Արթուր Չարչյանի մասին է:
Նա վարչապետի տիկնոջ անվտանգությունն ապահովում է իշխանափոխության առաջին օրերից: Նիկոլ Փաշինյանն Արթուր Չարչյանին պարգևատրել է վարչապետի շնորհակալագրով:
Վարչապետի շնորհակալագրին է արժանացել նաև պետական պահպանության ծառայության թիկնապահ, լեյտենանտ Ղազար Ղազարյանը: Նա ՊՊԾ-ում ծառայության է անցել հեղափոխությունից անմիջապես հետո, այժմ Նիկոլ Փաշինյանի անվտանգության թիմում է: Նա հեղափոխության ամբողջ ընթացքում եղել է Նիկոլ Փաշինյանի կողքին:
Ավելի վաղ Factor.am-ը գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է նաև ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանին:
Նա Երևանի քաղաքապետարանին «Կամազ»-ներ նվիրած «Ն և Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ի սեփականատիրոջ ամուսինն է: Արթուր Աղաջանյանն արժանացել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի մեդալի:
Նարեկ Կիրակոսյան
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ factor.am