Ամփոփվել են Երևանի հանրային բյուջեի՝ «Ակտիվ քաղաքացի» հարթակի 2019-ի քվեարկության արդյունքները, որի շրջանակում ստացվել է 740 առաջարկ:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի պաշտոնական իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Ստացված 740 առաջարկից հարթակի կանոններին համապատասխանել և հրապարակվել է 204-ը:
Հարթակում մեկնարկից մինչ քվեարկության ավարտը գրանցվել է 8 933 քաղաքացի, թողնվել է 858 մեկնաբանություն, նաև 15 582 հավանում՝ 6 500 քվեարկողներից:
«Հիմք ընդունելով քաղաքապետի որոշմամբ «Ակտիվ քաղաքացի» նախագծին տրամադրված 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր բյուջեն, ինչպես նաև նախագծի կանոնները, համաձայն որոնց յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 մլն ՀՀ դրամը, հանձնաժողովն իրականացման համար ընտրել է ամենաշատ հավանումներ ստացած 17 առաջարկ` ընդհանուր բյուջեի միջոցների բաշխման հիմունքներով»,- գրել է Կարապետյանը:
Առաջարկները և դրանց ամբողջական պարունակությունները հասանելի են «Ակտիվ քաղաքացի» պաշտոնական հարթակի (activecitizen.yerevan.am) «Առաջարկներ» բաժնում: