Մի քիչ երկար է ստացվել, բայց կարդացեք և տարածեք։
Մի քանի օր առաջ եթերում ասել էի, որ Հայասատանում ներկայիս տնտեսությունը ամբողջությամբ գիտական մակարդակից անցել է խոսակցականի, և արդյունքում ունենք այսպես կոչված «narrative economics», խոսակցական տնտեսություն։ Ինչ է սա նշանակում, պարզ ասած տնտեսության մեջ տեղի ունեցող պրոցեսները փորձ է արվում կառավարել ոչ թե գիտական համընդհանուր ընդունված տնտեսական գործիքներով, այլ բառերով։ Վարչապետը հայտարարում է, որ տան գները բարձրացել են և արի ու տես, որ շատ կարճ ժամանակ անց գները բարձրանում են: Վարչապետը հայտարարում է, որ բոլորը լավ են ապրելու՝ արդյունքում գրանցվում է սպառողական վարկերի աննախադեպ աճ, ինչը կրկին պայմանավորված է միմիայն վարչապետի ուղերձով հասարակությանը։ Այսինքն հասարակ մահկանացուները, հավատալով “ամեն ինչ շատ լավ է և ավելի լավ է լինելու” թեզին, իրենց վրա են վերցնում նորանոր վարկային բեռեր, չնայած տնտեսության առումով դրա համար չկա որևէ նախադրյալ։ Այս երևույթի մասին կարելի է շատ երկար խոսել, բայց, ցավոք, այն չունի պրակտիկ լուծում և սովորաբար խոսակցական տնտեսությունը փլուզվում է կոնկրետ մարդկանց կոնկրետ ֆինանսական կորուստներ ունենալու փաստերի ի հայտ գալուց հետո։ Մեզ մոտ դա արտահայտվելու է տասնյակ հազարավոր մարդկանց կողմից վերցված վարկերը մարելու անհնարինությունը զգալուն պես։ Իմ կարծիքով դա առավել ակնհայտ է դառնալու 2020 թվականի կեսին։
Այսօր էլ մեր Վարչապետը և բոլոր լրատվականները թմբկահարում են հեղինակավոր Time ամսագրում Հայաստանի մասին տպագրված հոդվածը՝ Հայաստանը Կովկասյան վագր։ Չեմ կարող չանդրադառնալ այս հոդվածին։ Նախ հոդվածը տպագրվել է, ոչ թե Time ամսագրում, այլ այդ ամսագրի գովազդային հավելվածում՝ այսինքն սա գովազդ է պատվիրված պատվիրատուի կողմից։ Այս դեպքում կարծում եմ պատվիրատուն ՀՀ կառավարությունն է, կամ առանձին վերցված մեկ անձ։ Հոդվածում նշված թվերը բառիս բուն իմաստով սուտ են և չեն համապատասխանում իրականությանը։ Որպես օրինակ նշեմ միայն Doing Business բերված ցուցանիշը։ Հոդվածում գրված է որ Հայաստանը գտնվում է 41րդ տեղում, մինչդեռ Հայաստանը 47րդ տեղում է։ Հոդվածում բերված գրեթե բոլոր ցուցանիշները սխալ են և ըստ ամենայնի տրամադրվել են լավ ասենք, որ լավ լինի տրամաբանությամբ։ Մինչդեռ կար ժամանակ, երբ Հայաստանը առանց պետական պատվերի անվանել են հենց Կովկասյան վագր՝ դա տեղի է ունեցել 2007 թվականին և մեծապես պայմանավորված էր մի քանի տարի շարունակ երկնիշ տնտեսական աճ գրանցելով։ Այդ գնահատականը Հայաստանին տվել էր Համաշխարհային Բանկը։ Կարծում եմ այսօրվա հոդվածի վերնագիրն էլ հենց այսպես ընտրված չեր։ Ստեղծվում է տպավորություն, որ իշխանությունները ամեն կերպ պայքարում են Նախագահ Քոչարյանի ստվերի դեմ՝ փորձելով ամեն կերպ ցույց տալ, որ իրենք կարան անեն ավելի լավ։ Սակայն պետք է հասկանան, ախր ասելով չէ՝ անելով է։ Իսկ այս գովազդային հոդվածի արդյունքում մենք կունենանք ևս մի քանի հազար մոլորված քաղաքացի, որոնք ոգևորված գնալու են նորանոր վարկեր ստանալու։ Հիշեք, խոսակցական տնտեսությունը փուչիկի պես է, որը չես կարող անընդհատ փչել, ուշ թե շուտ այն պայթելու է։
Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից: