Մենք՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներս և շրջանավարտներս, պարբերաբար ահազանգեր ենք ստանում, որ Դ. Գալոյանի գիտական աշխատանքների ուսումնասիրության համար ստեղծված հանձնաժողովի կազմն ընտրել են վերջինիս մայրը և ԿԳՄՍ փոխնախարար Գ. Թամրազյանը՝ համալրելով այն ընկերներով և հավատարիմ մարդկանցով: Ըստ լուրերի՝ հանձնաժողովի կազմում ընդգրկված են.
1. Արամ Առաքելյան, հանձնաժողովի նախագահ (ԵՊՀ Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ), ով Դ. Գալոյանի հոր՝ Ռոբերտ Գալոյանի մտերիմ ընկերներից է
2. Աշոտ Մարկոսյան, (ԵՊՀ Նորարարության տնտեսագիտության ամբիոնի վարիչ), ով Դ. Գալոյանի մոր՝ Զ. Թադևոսյանի ընկերներից է
3. Լիլիթ Սարգսյան (Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատող), ով Դ. Գալոյանի մտերիմներից է և անգամ վերջինիս հետ համահեղինակած գիրք ունի։
Այս ահազանգն առաջինը չէ, որ ստանում ենք: Թեև անանուն նամակ է, և հավանականություն կա, որ պարզապես սադրանք է, մենք ընդամենը կասենք հետևյալը.
եթե հանկարծ որևէ պարագայում նախարարի սուբյեկտիվ հայեցողությամբ ընտրված հանձնաժողովի անդամների մտքի ծայրով անցավ անորոշ ձևակերպումներով լղոզել կամ կոծկել բազմաքանակ պարզունակ «copy paste»-ները, ամբողջությամբ արտագրված երեք ենթագլուխները, կուրսային աշխատանքներից ու Բլոգնյուզից ամբողջական էջերով արտատպումները և արտագրված առաջարկությունները, ապա խոստանում ենք՝ հանձնաժողովի բոլոր անդամներն անուն առ անուն՝ իրենց նշանակած անձնավորության հետ, մինչև վերջ պատասխան են տալու մամուլի և երկրի վարչապետի առջև: Մենք դա երաշխավորում ենք և հանգիստ չենք տալու նման հույսեր ունեցող որևէ մեկին:
ՀՊՏՀ ուսանողներ