Հայաստանի մրգի ու բանջարեղենի առնվազն 5%–ն օրգանիկ է լինելու. փոխնախարար
Advertisement 1000 x 90

Հայաստանի մրգի ու բանջարեղենի առնվազն 5%–ն օրգանիկ է լինելու. փոխնախարար

Հայաստանի մրգի ու բանջարեղենի առնվազն 5%–ն աճեցվելու է օրգանիկ ճանապարհով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության գծով Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արտակ Քամալյանը։

Քամալյանը ներկայացրեց Հայաստանի գյուղատնտեսության զարգացման նոր ռազմավարությունը։

Այժմ Հայաստանում օրգանիկ մթերքը 0,1% էլ չի կազմում։ Էկոնոմիկայի նախարարությունում կարծում են, որ 5%–ին հասնելը լրիվ իրատեսական է։ Արդեն տասնյակ հաջողակ օրինակներ կան, երբ գյուղացիներն օրգանիկ մթերք են արտադրում ու արտահանում են այն։

Տասնյակները լավ են, բայց Հայաստանում ավելի քան 330 հազար գյուղական տնտեսություն կա։ Նրանց պետք է ավելի մեծ գումար վաստակելու հնարավորություն տալ։ Գյուղացիների համար խթաններ են ստեղծվելու հողի մելիորացիայի, մնացորդային պարարտանյութերից այն մաքրելու ու օրգանիկ մշակման համար։

«Մեր ջուրը մաքուր է, մեզ մոտ արևոտ է։ Նման պայմաններում օրգանիկ տնտեսություն վարելը ֆինանսապես շատ ավելի ձեռնտու է», – ընդգծեց Քամալյանը։

Նշենք` վերջին երկու տարվա ընթացքում Ավստրիական զարգացման գործակալության ծրագրի շրջանակում հանրապետությունում մոտ 40 նոր օրգանիկ արտադրություն է ստեղծվել։

armeniasputnik.am