Երկարատեւ լռությունից հետո Արշակյան քույրերը վերադառնում են հայկական ազգային երաժշտության նորովի մատուցմամբ՝ Ամանորին ընդառաջ ներկայացնելով նոր անիմացիոն տեսահոլովակ՝ «Ձյան հեքիաթ» երգի հիման վրա։
Սա երգ-եռապատում է, որում համակցվել են Կարո Չալիկյանի ֆոնդի «Երկանք», Լիլիթ Սիմոնյանի հեղինակային «Ձյուն ա դրել» եւ Կոմիտասի ազգագրական ժողովածուի «Սար-սար» ստեղծագործությունները։ Տեսահոլովակի հեղինակը Նաիրա Մուրադյանն է։
«Ձյան հեքիաթի» հիմնական նպատակն է պահպանել ու շարունակել ազգային երաժշտության ավանդույթները։ Ինգա եւ Անուշ Արշակյաններն այս տեսահոլովակով ազդարարում են նոր նախագծի մեկնարկը, որը մեծագույն հարգանքի դրսեւորում է այս ձայնադարանը մեզ ժառանգած հանճարեղ մարդկանց հանդեպ։
Նախագծին մասնակցել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, «Հովեր» երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավարն է Սոնա Հովհաննիսյանը: Սիմֆոնիկ մշակումը կատարել է Անդրանիկ Բերբերյանը: Տեսահոլովակում օգտագործվել են Արմեն Քյուրքչյանի մշակած զարդանախշերը։