«…Մենք նման ստորություն երբեք չենք արել ու չենք էլ անելու: Դա անելու են Ծռերը, էն Ծռերը, որ 800 հեկտար պիտի ազատագրեին ու դեռ ազատագրում են»
Advertisement 1000 x 90

«…Մենք նման ստորություն երբեք չենք արել ու չենք էլ անելու: Դա անելու են Ծռերը, էն Ծռերը, որ 800 հեկտար պիտի ազատագրեին ու դեռ ազատագրում են»

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օրերս տեղի ունեցած Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը զգուշավոր լավատեսության հիմք է տալիս: Թեպետ Փաշինյանն էլի համառորեն պնդեց իր գլխավոր անհեթեթ թեզերից մեկն առ այն, որ հակամարտության կարգավորումը պիտի ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, իսկ Արմեն Սարգսյանը մի քանի անգամ շեշտեց Արցախում կայանալիք ընտրությունների արդար լինելու կարևորությունը (իր դեպքում սա նշանակում է՝ ինձ չանտեսեք, թե չէ սաղ աղանդավոր ու սորոսական բրիգադին քսի կտամ վրեքներդ), նիստի հիմնաքարն Արցախի Նախագահի խոսքերն էին: Բակո Սահակյանը շատ հստակ մատնանշեց հայկական կողմի կարմիր գծերը: Նա նշեց, որ չի կարող լինել վերադարձ ոչ նախկին սահմաններին, ոչ նախկին կարգավիճակին ու առանձին շեշտեց, որ այսպես կոչված ադրբեջանական համայնքին բանի տեղ դնող չի լինելու: Սահակյանը, ըստ էության, ասաց այն ամենը, ինչը պիտի ասվեր Հայաստանի իշխանությունների կողմից գոնե Բրատիսլավայում:

Մոտ մեկ շաբաթ առաջ ես գրել էի, որ Հայաստանի առողջ ուժերի հիմնական օրակարգ պիտի հանդիսանա միջազգային հանրությանը պատժելը` մեր երկրի ներքին գործերին շարունակաբար խառնվելու և վերջիվերջո հեղաշրջում հովանավորելու համար: Այդ պատիժը, ըստ էության, սկսում է ուրվագծվել: Փաշինյանի ապիկար կառավարման շնորհիվ իր իշխանությունը այնքան է դելեգիտիմիզացվել, որ 90%-անոց վարկանիշ ունեցող մեկը ոչ միայն չի կարողանում որևէ բանակցային զիջման հարց բերել ներքաղաքական օրակարգ, այլ ընդհակառակը ստիպված է նախկինից էլ ավելի կոշտ դիրքերից հանդես գալ, որպեսզի ապացուցի, որ նա անհայրենիք սրիկա չէ: Ի հեճուկս միջազգային հանրության և իրենց հայաստանյան գործակալների, նա անընդհատ խոսում է ձեռքբերվելիք զենքի մասին, իր լիազորությունները իր հետ կիսող և ժամանակին խաղաղասիրության «սրբապատկեր» հանդիսացող իր տիկինը սկսել է պարբերաբար այցելել զինված ուժերի ենթակառուցվածքներ: Այս ամենը անշուշտ թատրոն է, նրանք միևնույն է՝ ՊՆ-ի բյուջեն կրճատում են ու փակ դռների հետևում գաղտնի բանակցություններ են վարում, բայց փաստ է, որ հրապարակավ չեն կարող իրենց թուլյ տալ պարտվողական նարատիվը առաջ տանել:

Նրանք չեն կարող հիմա խոսել այն թեզերի մասին, որոնք հենց իրենք էին առաջ տանում` ընդդիմադիր եղած ժամանակ: Մինչդեռ իր ժողովրդավարականության հեքիաթը հենց դրա համար էր ստեղծվել, որ նա կարողանա հրապարակավ հանդես գա այն թեզերով, որոնք մտածողություն կփոխեին: Փակ դռների ետևում տանուլ տալու համար շատ ավելի հարմար թեկնածուներ կարող էին լինել: Փաշինյանի առաքելությունն էր մեր հասարակությունը վերջնականապես պատրաստել պարտության` առանց որևէ մարտի:

Մինչդեռ տեղի է ունենում հակառակը, Բակո Սահակյանը իր ձեռքերի մեջ է վերցնում արտաքին քաղաքական օրակարգը: Համատեղ նիստին նա գալիս է այնպիսի կազմով որը շատ հստակ ներքաղաքական ուղերձ է պարունակում բոլոր «չուզողներին»: Իրավիճակի զավեշտ ու զգուշավոր օպտիմիզմի հիմքն էլ կայանում է նրանում, որ ԵԱՀԿ-ն Հայաստանում իշխանության է բերել նրան, ով ստիպված կոշտացնում է հայկական դիրքորոշումը, մինչդեռ նույն ԵԱՀԿ-ն իրենց դրածոյին արդեն չի կարող անվանել ոչ լեգիտիմ, թալանչի, բռնապետ: Չի կարող, որովհետև հենց իրենք են բերել: Նախկին` «ոչ լեգիտիմ, թալանչի, բռնապետը» չէր համաձայնվում զիջել, իսկ ներկա` գերլեգիտիմ, փրկիչ, «Գանդին», չի կարողանում զիջել:

Հասկանու՞մ եք, ստացվել է այնպես, որ ԵԱՀԿ-ն, ուզենալով ծնկի բերել մեր պետությունները, իրականում հասել է նրան, որ մեր մարտունակությունը բարձր է առավել, քան երբևէ: Տեսեք, Բակո Սահակյանը փաստացի ԵԱՀԿ-ի Նիկոլի ու Բրիթիշ Փեթրոլիումի Արմեն Սարգսյանի ներկայությամբ միջազգային հանրությանը պասլատ է անում ու դրա միակ արձագանքը տալիս են` լրիվ մարգինալիզացված ու բարոյազրկված Սասնա Ծռերը: Նրանք բառացիորեն քննադատում են Արցախի սուբեկտայինության բարձրացումը: Սրանից առաջ նրանք շատ վատ քողարկված ձևով սատարում էին Ստամբուլյան կոնվենցիային, իսկ դրանից առաջ շատ անթաքույց զորակցում էին ԵՄ` արդեն պաշտոնաթող դեսպան Սվիտալսկուն:

Ու վերջ, էլ ոչ մեկ ծպտուն չհանեց:

Ու չի էլ կարա հանի: Իրենց վարչապետը մտել է հայրենասերի դերի մեջ ու, իրեն քննադատելով, նրանք լիովին կկորցնեն իրենց իսկ դրված խամաճիկին: Այսինքն օտարերկրյա գործակալական ցանցը գրեթե ամբողջովին չեզոքացվել է, մինչդեռ առողջ ուժերը պիտի որ բավարարված լինեն ստեղծված իրավիճակով: Ու ստացվում է, որ նույնիսկ եթե միջազգային հանրությունը, դժգոհ լինելով այն փաստից, որ Փաշինյանը իրենց գցում է, փորձի սանձազերծել ևս մի ագրեսիա Ադրբեջանի կողմից, դա կբերի աննախադեպ ներքին մոբիլիզացիային: Փաշինյանն ու իր վաստակները էլ չեն կարողանա դաշտը ողողել պառակտիչ ապատեղեկատվությամբ, թե իբր մեր զինվորները զենք չունեն, բահերով են կռվում, չունեն սնունդ ու դավաճանված են: Իսկ մենք… դե մենք նման ստորություն երբեք չենք արել ու չենք էլ անելու: Դա անելու են Ծռերը, էն Ծռերը, որ 800 հեկտար պիտի ազատագրեին ու դեռ ազատագրում են:

Այսինքն Ադրբեջանը կարա ունենա գերակայություն բոլոր ոլորտներում` միջազգային սատարման, տնտեսական, սպառազինության, բայց նրանք չեն ունենա գլխավորը` ներհայկական պառակտումը: Եթե նախկինների օրոք ադրբեջանական ապատեղեկատվություն տարածող հայ ընդդիմադիրները բավականին ազատ էին գործում ու նրանց պատժելու գործողություններն արտառոց արտահամակարգային դեպքեր էին, ապա հիմա ագրեսիայի դեպքում թիկունքում նման դավաճանության համար մարդիկ շատ արագ կդատապարտվեն մահվան ու ոչ Փաշինյանը, ոչ էլ իր տասովշիկները դրա դեմ բան չեն կարողանա անել, ճիշտ այնպես, ինչպես չէին կարում անել 93-94 թվականներին:

Փաշինյանը, ըստ էության, լինելով ամենաարդար բանը, որ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ, մանրից դառնում է լավագույն բանը հայկական պետությունների համար: Եթե առողջ ուժերը մնան աչալուրջ ու խոհեմ, Փաշինյանը կդառնա իրենց հնազանդ ծառան: Ըստ այդմ, այսուհետ վտանգ են ներկայացնում նրանք, ովքեր կփորձեն փոխեն այս ներքաղաքական ստատուս քվոն: Փաշինյանը պետք է մնա, նա պետք է «իշխի», բոլոր նրանց, ովքեր Փաշինյանին կաթվածահար անելու փոխարեն, կպայքարեն նրան իշխանազրկելու համար ըստ էության, պիտի դասվեն պետության թշնամիների շարքին:

Ներքին դաշտում Նիկոլը շարունակելու է մնալ այն պատիժը, որը ժողովրդին ի ցույց է դնելու ժողովրդավարության ողջ «փայլը», իսկ արտաքին դաշտում նա լինելու է այն վահանը, որն իր վրա կվերցնի գազային քաղցից տառապող ժողովրդավար փարիսեցիների բոլոր հարվածները:

Ադրբեջանը տապալվել է: Նրանք կորցրեցին այն պահը, երբ կարող էին ինչ-որ կերպ օգտվել Հայաստանում տեղի ունեցած հեղաշրջումից: Հիմա հնարավոր ագրեսիայի ռիսկերը գնահատելիս նրանք արդեն պետք է մտածեն ոչ միայն հնարավոր տապալման դեպքում սեփական տարածքային կորուստների մասին, այլ այն սարսափելի հեռանկարի, որը կարող է ծագել, եթե Փաշինյանը տապալվի ու իր փոխարեն նորից իշխանության գան «ռազմահայրենասեր շիզորֆրենիկները», բայց` էս անգամ բազմաթիվ դասեր քաղած ու պատրանքներից զուրկ «շիզոֆրենիկները»»:

Օրերս տեղի ունեցած Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը զգուշավոր լավատեսության հիմք է տալիս:…

Gepostet von Artur Danielyan am Dienstag, 24. Dezember 2019