Գազի գինը չի՞ բարձրանա. կառավարությունն առաջարկում է փոփոխել գազի պայմանագիրը
Advertisement 1000 x 90

Գազի գինը չի՞ բարձրանա. կառավարությունն առաջարկում է փոփոխել գազի պայմանագիրը

ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ՌԴ–ի հետ 2013թ–ին կնքված համաձայնագրում, որով կարգավորվում է Հայաստան մատակարարվող ռուսական գազի գինը։ Համաձայնագրում առաջարկվող լրացուցիչ արձանագրությանը հավանություն տալու որոշմանը ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց գործադրի հերթական նիստում։

Որոշումն ընդունվեց առանց քննարկումների ու առանց զեկուցման, ուստի նախագծի մասին կարող ենք խոսել բացառապես նախագծում ներկայացված տվյալների մակարդակով։

Այսպես` առկա պայմանագրով գազի գործող գինը Հայաստանի Հանրապետության համար 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ սահմանված է 165 ԱՄՆ դոլար՝ հազար խորանարդ մետրի համար: Կառավարությունն առաջարկում է այս համաձայնագրի գործողության ժամկետն ավելացնել ևս 1 տարով, քանի որ արձանագրությունը նման կետ ևս նախատեսում է:

«Արձանագրության ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, գործարար ակտիվության բարձրացման շարունակմանը»,– նշված է կառավարության ընդունած որոշման մեջ։

Առաջարկվող արձանագրությամբ կողմերը պարտավորվում են մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը մշակել և հաստատել դրամական հոսքերի հաշվարկի մոդելներ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համար:

Նախատեսվում է, որ նոր համաձայնագիրը ուժի մեջ կմտնի 2020թ.–ի հունվարի 1-ից։

armeniasputnik.am