Սյուզի և Լիլի Հարությունյանները պատրաստում են իրենց երգերի նոր խտասկավառակը, որը կներառվի նոր ձայներիզի մեջ: Խտասկավառակը ներկայացնելու է հայ երգարվեստում քույրերի անցած ուղին: «Փոքրիկ ֆիլմ է տարբեր մարդկանց մասին, ում հետ մինչ օրս աշխատել ու համագործակցել ենք` սկսած Կոնսերվատորիայից, նաև Արթուր Գրիգորյանի, Շուշան Պետրոսյանի, Ֆորշի, ինչպես նաև՝ շատ ռեժիսորների մասին»,- պատմում են քույրերը: Լիլին և Սյուզին իրենց երաժշտական ուղին սկսել են «Արևիկից», ավարտել են Սպենդիարովի անվան երաժշտական դպրոցը, ինչպես նաև՝ Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: Սովորել են նաև Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի դասական վոկալի բաժնում: Երգել են նաև Տիգրան Հեքեքյանի «Փոքրիկ երգիչներ» և Սոնա Հովհաննիսյանի «Հովեր» կամերային երգչախմբերում: «Սկսեցինք համագործակցել Ֆորշի հետ, բայց նախքան Ֆորշի հետ համագործակցելը երգում էինք «Автопилот» խմբում: Հենց այդ ժամանակ էլ ընտրեցինք փոփ և ոչ թե դասական երգեցողությունը»,- ասում է Լիլին: Քույրերը 5 տարի աշխատել են Երգի պետական թատրոնի հետ: Նրանց առաջին` «Դիմակներ» ձայնասկավառակը թողարկվել է 2002թ., որից հետո Երգի պետական թատրոնում հանդես են եկել իրենց առաջին մենահամերգով: Այդ տարի նրանք Գերմանիայում թողարկեցին ևս մեկ ձայներիզ՝ «Լուսե մարդիկ» խորագրով: «Հետաքրքիր էր, որ այս ձայնասկավառակում ունեինք անգլերեն լեզվով երկու երգեր, որոնք պատվեր էին, բայց հենց այդ 2 երգերը ռադիոհիթերում չհայտնվեցին: Բոլոր մյուս հայալեզու երգերը շատ էին սիրվել»,- պատմում է Սյուզին: Նրանց երրորդ ձայնասկավառակը թողարկվել է 2004թ., որում ընդգրկված է նաև նրանց և Շուշան Պետրոսյանի տրիոն, որի հիման վրա էլ ռեժիսոր Մայք Աքյանը տեսահոլովակ է նկարահանել: Նրանց հաջորդ` «Պար» անվանումով ձայնասկավառակը բոլորովին այլ ժանրի մեջ է: Այնտեղ ավելի շատ ներառված են ժողովրդական երգեր, հայկական պարեղանակներ: Հիմա արդեն պատրաստ է նրանց նոր տեսահոլովակը, որը կոչվում է «Մերկ հոգի»: Այդ անվանումով երգ կա, որի հիման վրա Արամ Շահբազյանը («Մի վախեցիր» ֆիլմի ռեժիսորը) տեսահոլովակ է նկարահանել: Սա նրանց արդեն երրորդ համագործակցությունն է:
Այս նոր ձայնասկավառակում Լիլին և Սյուզին ընդամենը երկու համատեղ կատարում ունեն: Ինչպես կատակում են քույրերը, նրանց համար դուետ երգելու կամ համատեղ հանդես գալու միակ առավելությունը ծախսերի խնայողությունն է: Այսինքն` 2 ձայասկավառակ կամ տեսահոլովակ նկարելու փոխարեն նրանք անում են մեկը: Հաճախ գործերն են հուշում` կատարումները դուե՞տ պետք է լինեն, թե՞ ոչ: Չնայած Սյուզին Լիլիից մեծ է 3 տարով, սակայն, ինչպես ինքն է ասում, երբևէ չի օգտվում իր մեծ լինելու հանգամանքից: Նրանց վեճերը հիմնականում լավ աշխատանք անելու համար են: Նախ՝ երգերի ընտրության հարցում, թե ով որ ձայնին է համապատասխանում, հետո՝ նաև հագուստի, ոճի և կերպարի համար: Բայց պարզվեց, որ նրանք վիճում են նաև, չզարմանաք` ավտոմեքենայի համար. «Վեճեր շատ են լինում, բայց մեր հիմնական կռիվն ավտոմեքենայի համար է լինում, քանի որ հիմա ընդամենը մեկ մեքենա ունենք, իսկ մեզ և մայրիկին մեքենան շատ անհրաժեշտ է»,- ծիծաղում են քույրերը:
«Մերկ հոգի» ձայնասկավառակը, ինչպես հավաստում են քույրերը, առաջին անգամ Հայաստանից ուղարկվել է «Sony Music New York»-ին: «Առաջին անգամ հայկական ձայնասկավառակ է ուղարկվել, և շատ լավ արձագանքներ ենք ստացել: Ասում են, որ առաջին անգամ են համագործակցում հայ արտիստի հետ, առաջին անգամ են հայ երգ լսում: Մեր այս ձայնասկավառակում ընդգրկված են մի քանի էթնիկ գործիքներ` քամանչա, բլուլ, թառ, ինչն էլ շատ հավանել են «Sony Music»-ում: Սակայն ձայնասկավառակն իր բնույթով ժողովրդական չէ, այն փոփ երաժշտության և ժողովրդականի միքսն է»,- ասում է Լիլին: «Մերկ հոգի» երգը, որի երաժշտության հեղինակն է Արտակ Քանքանյանը, իսկ բառերի հեղինակն է Վահե Ալմոյանը, թարգմանվել է նաև անգլերեն: Նկարահանվելու է նաև տեսահոլովակի անգլալեզու տարբերակը, որն ուղարկվելու է «Sony Music New York»-ին: Այժմ Սյուզին և Լիլին պատրաստվում են իրենց երկրորդ մենահամերգին, իսկ թե ե՞րբ այն տեղի կունենա, առայժմ հստակ չեն կարող ասել: «Հիմա Արթուր Գրիգորյանի հետ համերգի սցենարն ենք գրում, կարող ենք ասել, որ կենդանի հնչողություն է լինելու: Կարծում եմ, կհասցնենք մինչև այս տարեվերջ անպայման կազմակերպել այն»,- ասում է Սյուզին: Նրանք մենահամերգներ են ունեցել ոչ միայն Հայաստանի մարզերում, այլև ՀՀ-ի սահմաններից դուրս` Ռուսաստանում, Ուկրաինայում, Պարսկաստանում, Շվեյցարիայում, Իտալիայում և Գերմանիայում: Հիմա էլ եվրոպական երկրների մի քանի հայ համայնքներից հրավերներ ունեն, բայց որոշել են, որ դեռևս Հայաստանում են աշխատելու:
Անի Հարոյան
«3 Միլիոն»