Չինական Ինչուան քաղաքի (Գանսու նահանգ) տղամարդկանց առողջության հիվանդանոցի վիրաբույժները ստիպել են Լյու ազգանվամբ պացիենտին վճարել 58 հազար յուան (մոտ 8200 դոլար) հենց վիրահատության ժամանակ։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail պարբերականը, վիրաբույժները հրաժարվել են կարեր դնել վիրահատությունից հետո, քանի դեռ պացիենտը վճարաքարտով չի վճարել իրենց՝ փոխանցելով 58 հազար յուան։ Չի հաղորդվում, թե ինչ վիրահատություն են կատարել, բայց հայտնի է, որ միջամտության նախնական արժեքը կազմել է 1800 յուան (257 դոլար)։ Վիրահատության ժամանակ բժիշկներն սկսել են խոսել, թե պացիենտի մոտ այլ հիվանդություններ են հայտնաբերել, որոնք անհրաժեշտ է անհապաղ բուժել։
Նույն կլինիկայի մեկ այլ պացիենտ՝ Մա ազգանունով, պատմել է, որ վիրահատության ժամանակ նրա մոտ իբր մի քանի վարակներ են գտել եւ նշանակել են մի քանի թանկարժեք միջամտություններ։ Բայց պացիենտի հարազատները դիմել են մեկ այլ կլինիկա՝ այլ կարծիք կազմելու համար, եւ այնտեղ նրանց տեղեկացրել են, որ Ման ոչ մի հիվանդություն չունի, որոնք իբր ախտորոշվել էին նրա մոտ։
Սպառողների իրավունքների պաշտպանության կազմակերպություն են դիմել մի քանի տասնյակ պացիենտներ նման բողոքներով։ Ոստիկանները պարզել են, որ կլինիկան վերահսկել են հանցավոր կազմակերպություններ, որոնց հովանավորել է առողջապահության քաղաքային հանձնաժողովի պետ Չժոու Յույգուանը։ Նա աստիճանազրկվել է եւ տուգանվել։
Հունիս-նոյեմբերին ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 50 մարդու, որոնք պատկանել են հիվանդանոցը վերահսկող հանցավոր խմբին։ Նրանց գործունեության հետեւանքով տուժել է 100-ից ավելի մարդ Չինաստանի 6 նահանգում։ Կալանավորվել է հիվանդանոցի 19-ից 65 տարեկան 11 աշխատակից։