Ադրբեջանական զորքերը որոշակի տարածքում խախտել են Վրաստանի սահմանը, այսօր կայացած տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
«Ադրբեջանը նոր հենակետ չի սարքել, այլ ամրակայել է արդեն եղածն` ի պատասխան այդ ուղղությամբ մեր գործողությունների։ Մենք այդ ուղղությամբ անհանգստանալու առիթ չունենք։ Որոշ հատվածում հակառակորդը հատել է Վրաստանի սահմանը, և կարծում եմ` դա վրացական իշխանության խնդիրն է», –ասել է ԳՇ պետը։
Հայաստանի տեսանկյունից Ադրբեջանի` սեփական տարածքում ծավալած գործողությունները մեզ համար վտանգ չեն ներկայացնում։
«Գազատարի ու ճանապարհի նկատմամբ հսկողություն ստանալու մասին հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում։ Այս ուղղությամբ լուրջ մտահոգություններ չկան ու չեն ակնկալվում` հաշվի առնելով մեր դիրքերը», – նշել է Դավթյանը։