Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ 8 ամիս առաջ Մերձավանում «բացված» գործարանը թեև ֆիզիկապես գոյություն ունի և լուծարված չէ, սակայն բոլոր աշխատանքներն այս պահին անժամկետ դադարեցված են: Այս մասին AntiFake.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց «Այ Էմ Ջի գրուպ» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Քնարիկ Առաքելյանը՝ հաստատելով AntiFake.am-ի նախորդ հրապարակումներն այդ մասին։
«Գործարանը փակ է, աշխատակիցներ չկան: Ընկերության սեփականատերերը նպատակահարմար չեն գտնում այս պահին նոր ներդրումներ կատարել, ուստի 2-րդ հոսքագծի շահագործման մեկնարկի հստակ ժամկետներ հայտնի չեն»,-նշեց Առաքելյանը:
Առաքելյանը նշեց, որ գործարանի 1-ին հոսքագծի շահագործման առաջին փուլում ստեղծվել է 13 աշխատատեղ` միջինում 200 հազար դրամ աշխատավարձով: Մինչ օրս գործարանի կողմից արտադրվել են «Ադամյան» հեռուստացույցներ` մոտ 1500 օրինակով, որոնք արդեն սպառվել են: «Իրենց մասերը բերված էին, հավաքված այստեղ: Բերվել են զուտ մանր-մանր մասեր, որոնք հավաքվել դարձել են հեռուստացույց: Ներդրումային ծրագրով նշված էր, որ այս փուլում միայն հավաքվելու է: Վերջին փուլում լինելու էր ոչ միայն հավաքել, այլ տեղում արտադրել ու ծրագրավորել»,-փոխանցեց Առաքելյանը:
Նշենք, որ գործարանի բացման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված էր, որ սկզբնական փուլում գործարանը կունենա 70-80 աշխատատեղ և տարեկան կարտադրի 126 հազար միավոր կենցաղային տեխնիկա՝ հեռուստացույց, լվացքի մեքենա, օդափոխիչ, սառնարան և տեխնիկա:
Մինչդեռ այս ընթացքում, փաստորեն, ստեղծված է եղել 13 աշխատատեղ։ Առաքելյանը մեզ հետ զրույցում նշեց նաև, որ գործարանի ամբողջական գործարկման դեպքում ստեղծվելու է 60-70 աշխատատեղ` 200,000 դրամ միջին աշխատավարձով։
Գործարանում աշխատանքների դադարեցման պատճառների և այլ հարցերի վերաբերյալ առաջիկայում կփորձենք զրուցել անձամբ սեփականատետերի հետ։
Հիշեցնենք, որ դեռևս 2019թ. ապրիլ ամսին AntiFake.am-ը ուսումնասիրություններ էր կատարել վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ բացված գործարանների մասին՝ բացահայտելով, որ Մերձավանում «բացված» «Այ Էմ Ջի գրուպ» ՓԲԸ-ի՝ կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանը, որի բացմանը նաև մասնակցել էր Նիկոլ Փաշինյանը, չի գործում։