«Հիշեցնում եմ՝ 1 բաժակ բնական հյութը պարունակում է 6 ճ/գ շաքարավազ, իսկ քաղցր գազավորված ըմպելիքը՝ 8 ճ/գ շաքարավազ». դիետոլոգ Լիդիա Այվազյանի ամանորյա խորհուրդները (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Հիշեցնում եմ՝ 1 բաժակ բնական հյութը պարունակում է 6 ճ/գ շաքարավազ, իսկ քաղցր գազավորված ըմպելիքը՝ 8 ճ/գ շաքարավազ». դիետոլոգ Լիդիա Այվազյանի ամանորյա խորհուրդները

Ամանորին ընդառաջ, տոնական օրերին թույլ տրված հնարավոր սխալների, սննդային թունավորումների, մարսողական խնդիրների, այդ օրերին հավաքած կիլոգրամների ու հետտոնական նիհարելու գործընթացի մասին 168.am-ը զրուցել է բժիշկ, դիետոլոգ Լիդիա Այվազյանի հետ:

– Տիկին Այվազյան, առջևում տոնական օրեր են, ու հայկական Ամանորին բնորոշ են բազմազան ու համեղ ճաշատեսակները: Որո՞նք են տոնական օրերին թույլ տրվող հիմնական սխալները:

Ամենամեծ սխալ այն է, որ փորձում ենք պատրաստել մեծ քանակությամբ մարդկանց համար և շատ օրերի համար: Մենք միանգամից 7-8 օրվա սնունդն ուզում ենք դեկտեմբերի 30-31-ին պատրաստել, վերջացնել: Իրականում կարելի է հյուրեր ընդունել այնպես, ինչպես մնացած օրերին: Գիտենք, որ հյուր է գալու, այդ օրն առավոտյան պատրաստություն ենք տեսնում, հյուրերին դիմավորում ենք: Նույն ձևով զանգ ենք տալիս ինչ-որ մեկի տուն հյուր գնալուց առաջ, մարդիկ պատրաստվում են մեր գնալուն: Կարելի է այսպես անել: Ժողովո՛ւրդ,  հնարավոր է այսպես էլ անել: Պետք չէ 7 օրվա համար պատրաստել ու նստել-սպասել՝ կա՛մ կգան, կա՛մ չեն գա: Հստակ իմանանք, որ հյուրեր ենք ունենալու, իրենց համար պատրաստենք:

Նախ՝ այդպես շատ հեշտ կլինի տնային տնտեսուհիների համար, որովհետև երբ նախատեսած հյուրերը չեն գալիս, տնային տնտեսուհին ափսոսում է իր չարչարանքը, գումարը, որ ծախսել է, ու ի՞նչ է անում՝ ստիպված ինքն է ավելի շատ ուտում, որովհետև ափսոս է, որ այդ ամեն ինչը թափվի:

Հիմնական սխալը սա է՝ պատրաստում ենք ավելի շատ, քան պետք է, և ափսոսելով՝ սկսում ենք ուտել:

Երկրորդ սխալն անընդհատ սեղանների վրա շատ ուտելիքներ թողնելն է: Աչքը տեսնում է, սիրտն ուզում է: Դա խնդիր է մանավանդ այն մարդկանց համար, ովքեր ունեն սննդային խանգարումներ, այսինքն՝ չեն կարողանում հագեցման կենտրոնով կառավարել՝ սովա՞ծ են, թե՞ սոված չեն: Աչքը տեսնում է, գցում է բերանը: Ճարպակալում ու ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար ավելի դժվար է: Մարդիկ կան, որոնց համար տոները վերածվում են դժոխքի, որովհետև մի քանի ամիս շարունակ իրենք կամքի ուժով սննդակարգ են պահել, բայց կգան տոները, ու ամեն ինչ ջուրը կընկնի:

Ես շատ պացիենտներ ունեմ, ովքեր խուսափում են հյուր գնալ, որովհետև ասում են՝ եթե մենք գնացինք հյուր, կստիպեն, տեռորի կենթարկեն՝ «չէ՛, սա էլ պետք է փորձեք, չէ՛, սա էլ պետք է ուտես» ասելով: Հիմա այն ժամանակները չեն, որ ինչ-որ մեկին ինչ-որ բանով կարելի է զարմացնել:

Ուզում եմ բոլորին կոչ անել, հորդորել, պետք չէ մարդկանց տեռորի ենթարկել: Մարդիկ կան, ովքեր կարող են հրաժարվել, մարդիկ կան, ովքեր ամոթին զոհ գնալով՝ չեն կարող հրաժարվել, և իրենց օրգանիզմին վնաս են պատճառում: Դուք էլ՝ չիմանալով, չհասկանալով՝ կարող եք վնաս պատճառել այն մարդուն, ում, օրինակ, չէր կարելի, որովհետև ուներ բարձր խոլեստերին, չէր կարելի, որովհետև գլյուկոզայի թվերը շատ կբարձրանան: Թողե՛ք մարդկանց հայեցողությանը, եթե կուզեն՝ կուտեն, չեն ուզի՝ չեն ուտի:

Նույնը վերաբերում է երեխաներին:

Երեխաների հետ ավելի դժվար է, որովհետև թմբլիկ երեխաները սննդակարգ պահելու ընթացքում դժվարությամբ են դիմադրում: Հաճախ երեխայի համար ամբողջ ընտանիքով են սննդակարգ պահում, ու հանկարծ հյուրեր են գալիս, ու երեխաներին քաղցրեղեն են բերում: Պատկերացրեք ծնողների վիճակը, ովքեր ամբողջ տարին չարչարվել են, որ երեխան առողջ սնվի, որովհետև մի քիչ քաշի խնդիր ունի: Վաղուց ապացուցված է, որ մանկական հասակում քաշի խնդիրը վաղ տարիքում բերում է շատ հիվանդությունների: Թմբլիկ երեխաներին պետք է նայել՝ որպես խնդրով երեխա, և պետք չէ քաղցր նվերներ անել այս երեխաներին:

Տոները չպետք է վերածել մյուսների համար դժոխային օրերի: Տեռորն ու լիությունը մի քիչ ավելի չարաշահված է, քան պետք է: Իհարկե, տոները շատ լավ բան են, բոլորս սպասում ենք, սիրում ենք, բայց չարաշահել պետք չէ:

– Ամանորյա սնունդը կարող է սննդային թունավորումներ ու մարսողական խանգարումներ առաջացնել: Ինչպե՞ս խուսափել: Կամքի ուժը բավարա՞ր է:

– Պետք է հաշվի առնենք, որ սննդային խանգարումներ լինում են այն դեպքում, երբ մենք բալանսից ընկնում ենք: Մենք պետք է բալանսավորված սնվենք, ինչը ենթադրում է սպիտակուցներ՝ մսի տեսքով, հացահատիկներ՝ հացի կամ այլ հացազգիների տեսքով, ու բանջարեղեն: Եթե մեկ սնունդ ընդունելու ժամանակ այս երեք կոմպոնենտը եղավ մեր ափսեի մեջ, համարվում է, որ օրվա ընթացքում մենք մեր բալանսը կպահենք:

Իսկ ի՞նչ է լինում տոնական օրերին: Միս, միս ու միս: Բանջարեղեն չի լինում, հացահատիկներն ավելի քիչ են լինում: Կա՛մ արագ մարսվող ածխաջրեր են լինում քաղցրի տեսքով, կա՛մ լինում են մսամթերքներ: Մեր օրգանիզմը կարողանում է մարսել որոշակի չափով սպիտակուց՝ միս: Երբ դրանից ավելի ենք ուտում մսամթերք, այն չի մարսվում, այլ գնում է և դառնում հաստ աղու բակտերիաների համար կեր: Ու այստեղ սկսում են աճել այն վատ բակտերիաները, որոնք մեզ պետք չէին: Արդյունքում՝ ունենում ենք վքնածություն, փքվածություն, տհաճ զգացողություն: Դա բերում է նրան, որ օրգանիզմը չի հանգստանում, օրգանիզմն ունենում է գերհոգնածություն: Ստացվում է, որ մենք տոներին և արձակուրդներին պետք է հանգստանայինք, ուրախանայինք, հետո գնայինք աշխատանքի, բայց հոգնում ենք գործ անելուց, մեր օրգանիզմն էլ հոգնում է այդքան սնունդ մարսել չկարողանալուց:

Տոնական օրերին փորձենք վերցնել ափսե և ափսեից ավելի չուտել: Նայում ենք, որ ափսեի մեջ միայն մսամթերք չլինի: Պետք չի տեռորի ենթարկել ու ասել, որ ձեր բլինչիկն էլ պետք է ուտել, խոզի բուդն էլ պետք է ուտել, իշլին էլ պետք է ուտել: Ո՛չ: Մի տեսակի մսամթերք կերավ Ձեր սեղանից մարդը, անգամ Դուք կարող եք ասել՝ երկրորդը մի վերցրեք, որովհետև ստամոքս-աղիքային տրակտն այդքանը չի կարողանում մարսել: Մենք էլ պետք է ուշադիր լինենք: Մեկ սննդընդունման ժամանակ պետք է մի տեսակից ուտել: Աշխատում ենք ռեժիմից շատ չընկնել, մեր չափն իմանալ: Հնարավոր է նախաճաշը հանել, բայց պահպանենք միջուտեստները: Միրգն ու քաղցրը կարելի է առանձին ուտել: Մտածենք ամանորյա սեղանի համար այնպիսի ուտեստներ, որոնց մեջ մեծ քանակությամբ բանջարեղեն կա:

– Հայկական ամանորյա սեղանից անպակաս են ոգելից խմիչքները, զովացուցիչ ըմպելիքները, հյութերը: Ինչպե՞ս խմիչքն ու հյութերը ճիշտ համադրել սննդի հետ:

– Ալկոհոլային խմիչքների վերաբերյալ հստակ ցուցում կա. Կանանց՝ 1 բաժին ալկոհոլային խմիչք մեկ օրվա համար, տղամարդկանց՝ 2 բաժին ալկոհոլային խմիչք: Մեկ բաժինը 50 մլ թունդ ալկոհոլային խմիչքն է, այսինքն՝ վիսկին, կոնյակը, օղին, գինին՝ 150 մլ, գարեջուրը՝ 330մլ: Տղամարդկանց համար՝ երկու բաժին: Խորհուրդ եմ տալիս սրանից ավելի չչարաշահել տոն օրերին, ամեն տանը մի խմիչք չխմել, չխառնել:

Առհասարակ խնդրում ու հորդորում եմ սեղանից բոլոր տեսակի քաղցր խմիչքները վերցնել: Ձեր սեղաններին այդքան մեծ քանակությամբ դատարկ կալորիաներն ընդհանրապես պետք չեն, ո՛չ ձեր երեխաների, ո՛չ ձեզ համար:

– Խոսքը նաև բնական հյութերի՞ն է վերաբերում:

Խոսքը նաև «բնական» հյութերին է վերաբերում, որովհետև դրանք ընդհանրապես բնական չեն: Բնական է միայն այն հյութը, որը դուք ձեր տանը քամել եք: Տանը քամած նարնջի, խնձորի հյութերի վրա կարող եք ավելացնել գազավորված ջուր, շաքար ավելացնել պետք չէ, ու կարող եք ստանալ տանը պատրաստված շատ հաճելի լիմոնադ: Դրանց կալորիաները քիչ են, վիտամիններն ավելի շատ են, գունանյութեր չկան, կոնսերվանտներ չկան, շաքարավազ չկա: Հիշեցնում եմ՝ 1 բաժակ բնական հյութը պարունակում է 6 ճ/գ շաքարավազ, իսկ քաղցր գազավորված ըմպելիքը՝ 8 ճ/գ շաքարավազ: Այ, եթե ոտքով կգնաք մյուսին հյուր, գուցե մեկ բաժակ թույլ տամ խմել:

– Տոներին սեղանի շուրջ նախ համտեսում ենք տաք ուտեստները, հետո անցնում ենք մրգերին, խմորեղենին: Այս հերթականությունն իսկապե՞ս այդքան վտանգավոր է:

– Վտանգավոր է այն պատճառով, որ մեծացնում ենք մեր ստամոքսի ծավալը: Տոնական օրերին մենք հաստատ ուտում ենք նորմայից շատ, մեր ստամոքսի պատերը լայնանում են, մի հատ էլ միրգ ենք ուտում, որը բավականին ծավալուն է, խմորեղեն… Այսինքն՝ մենք ստամոքսի պատերը արհեստական ձգում ենք:

– Եթե մարդիկ պահպանեն Ձեր ասած կանոնները, չե՞ն գիրանա: Ամանորին հիմնական վտանգն ավելորդ քաշն է:

– Եթե տոները տևեն 1-2 օր, ոչ ոք չի գիրանա, որովհետև 1-2 օրում ճարպային զանգված կուտակելը բավական դժվար է: Եթե դա տևում է 10 օր՝ ուրիշ խնդիր է: Այս դեպքում կարող ենք ճարպային զանգված հավաքել և գիրանալ:

– Նախատոնական օրերը սովորաբար սթրեսային են: Ամանորյա գնումներ է պետք կատարել, աշխատավայրում վերջին հաշվետվությունը կազմել: Այս սթրեսն օրգանիզմի համար քաշի ավելացման պատճառ կարո՞ղ է լինել:

– Եթե սթրեսը նորման գերազանցի, եթե կրճատվի քունը, և սթրեսի հետևանքով արտադրվեն սթրես-հորմոններ, որոնք ճարպ-կուտակիչ են, ապա՝ այո, հնարավոր է: Եթե իմ աշխատանքը սթրեսային է, անկախ տոներից՝ իմ օրգանիզմը դրան սովորել է: Եթե կրկնապատկվում ու եռապատկվում է սթրեսը, ապա սթրես-հորմոնները կարող են ճարպ կուտակել: Եթե գիշերվա քունը կրճատում ենք, ճարպային հորմոնը, որն արտադրվում է քնի ժամանակ, ավելի քիչ է արտադրվում: Դա ակնառու երևում է  այն մարդկանց մոտ, ովքեր կտրուկ փոխում են իրենց ռեժիմը, անցնում են գիշերային աշխատանքի: Առանց սննդային փոփոխությունների՝ մեկ ամսում 5-6 կգ գիրանում են միայն այդ հորմոնի արտադրության խախտման հետևանքով:

– Այդուհանդերձ, տոներն անցնում են, և մնում է ավելորդ քաշը: Ինչպե՞ս նիհարել:

– Շատ կարևոր է, որպեսզի տոներից անմիջապես հետո մարդիկ չգնան դետոքսների, բեռնաթափումների: Նման բան անել պետք չէ: Դա օրգանիզմի համար կրկնակի սթրես է: Տոներից հետո պետք է գալ նորմայի, նորմալ սնվել, հետո կարելի է անցնել բեռնաթափումների՝ շաբաթը մեկ անգամից ոչ ավելի:

– Որպես դիետոլոգ, Ձեր կարծիքով՝ ո՞րն է ամանորյա իդեալական սեղանը:

– Ճիշտ մարդկանց քանակով պատրաստված սնունդը, բանջարեղենի մեծ քանակությունը: Ես շատ եմ սիրում սեղանին հնդկահավի միսը, ձուկը, ավելուկով աղցանը: Տոնական օրերին ես պատրաստում եմ քամած մածունով սոուս և մեծ քանակությամբ հում բանջարեղեն:

Մենք տոն օրերին ուտում ենք մի ամբողջ տարվա չարազեղեն: Չարազեղենը շատ օգտակար է, շատ լավ է մեր օրգանիզմի համար, բայց դա պետք է ուտել չափի մեջ՝ օրական 30-50 գրամ:

– Ի՞նչ է լինելու դիետոլոգ Լիդիա Այվազյանի ամանորյա սեղանին:

– Պատրաստելու ենք քամած մածունով կտրտած բանջարեղենները, շատ եմ սիրում պատրաստել ավելուկով աղցան, հնդկահավի մսով և տավարի ու խոզի մսով փոքրիկ բուժինինաներ եմ պատրաստում, որոնք փոխարինում են երշիկեղենին: Դրանք շատ լավ նախուտեստներ են: Մենք ապրում ենք քաղաքից դուրս, դեկտեմբերի 31-ին հյուրեր ենք ունենալու, և պատրաստվում ենք նաև հյուրերի համար խորոված պատրաստել: Պատրաստությունը տեսնում ենք հենց այդ օրվա համար: Մի քանի օր ևս հյուրեր ենք ունենալու, յուրաքանչյուր հյուրին առանձին ուտեստներով՝ պաստաներով ու ծովամթերքներով, ուզում ենք զարմացնել: Հյութերի փոխարեն՝ նռան, նարնջի, կիվիի հյութեր ենք քամում քամիչով և գազով ջրով լիմոնադներ ենք պատրաստում: Հաստատ ես դեկտեմբերի 30-ին և 31-ին 7 օրվա համար ոչինչ չեմ պատրաստելու:

– Խոզի բուդ ու տոլմա լինելո՞ւ է սեղանին:

– Ոչ: Տոլմա սիրում եմ, բայց տոլմա էլ չեմ պատրաստելու:

 – Ձեր հորդորը՝ առողջ Ամանոր ունենալու համար:

Ես մի երազանք ունեմ, որ 5-6 տարի հետո կարող է իրականանալ: Ուզում եմ չլինի այսպես՝ «Ես Ձեր տուն եկա, դու մեր տուն պետք է գաս»: Իմ պատկերացրած իդեալական տոնը մի քանի առանձին խմբերով նշելն է: Ես շատ եմ ուզում, որ ոչ ոք պարտադրված ոչ մեկի տուն չգնա, որ պարտադրված ուտեստներ չպատրաստենք: Այն միտքը, որ մեր սեղանն ինչքան ճոխ է, այնքան տարին ճոխ է ու հարուստ կլինի, հորինված նախապաշարմունք է: Նոր տարին կարող եք դիմավորել վերելակի մեջ, ու Ձեր տարին շատ հաջողակ ու լավը լինի: Եկեք նախապաշարմունքից հրաժարվենք, մեր 1-2 ամսվա գումարը չվատնենք ու հարևաններին ու բարեկամներին ցույց չտանք, թե ինչքան ճոխ կարող է լինել մեր սեղանը, հետո լավագույն դեպքում՝ 2 շաբաթ հետո դրսի շներին կերակրենք մնացած մսամթերքով: Եկեք պատրաստենք այնքան, ինչքան կուտենք: Սիրով պատրաստենք բոլորի համար: Այսպես կարող ենք խուսափել հոգնածությունից ու չարաշահումներից:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

https://www.youtube.com/watch?v=oydfb4UN1qk&feature=youtu.be&fbclid=IwAR2HNj7t9J8mHY65e1nRGNG7RXunhMr3DzS3yBi-NHMnkQJUpsUGpw8YT4Q

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ