Վիտամինների երկարատև օգտագործումը մեծ չափաբաժիններով վտանգավոր է առողջության համար
Advertisement 1000 x 90

Վիտամինների երկարատև օգտագործումը մեծ չափաբաժիններով վտանգավոր է առողջության համար

Վիտամիններն այնքան էլ անվնաս կամ օգտակար չեն, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Վիտամինային հավելումները կարելի է ընդունել միայն բժշկի նշանակմամբ և նրա հսկողության ներքո, իսկ դրանց ավելորդ քանակությունը կարող է վնաս հասցնել առողջությանը։

«Ինչպես ցանկացած նյութի ընդունումը չափից ավելի քանակությամբ, վիտամինները նույնպես կարող են առաջ բերել սուր թունավորում, իսկ դրանց երկարատև ու չվերահսկվող, չհիմնավորված մեծ չափաբաժիններով օգտագործման հետևանքով առաջ է գալիս քրոնիկական ինտոքսիկացիա։ Պետք է տարբերել վիտամինների կանխարգելիչ կիրառման և դրանց բուժական չափաբաժինների հասկացությունը։ Օրական նորմը պետք է ընտրվի բացառապես բուժող բժշկի նշանակմամբ»,- ասել է Ռուսաստանի առողջապահության նախարարության էնդոկրինոլոգիայի ազգային բժշկական հետազոտական կենտրոնի փորձագետ, բարձրակարգ բժիշկ-էնդոկրինոլոգ Ֆաթիմա Ձգոևան։

Ինչպես տեղեկացնում է ՌԲԿ-ն, ինտոքսիկացիայի ռիսկը հատկապես բարձր է ճարպային լուծվող վիտամինների (А, D, E, K) դեպքում։ Այդ վիտամինները կարող են կուտակվել օրգանիզմում, իսկ քանի որ դրանք դանդաղ են լուծվում, դա դժվարացնում է դրանց դուրս գալն օրգանիզմից։

«А վիտամինը կուտակվում է լյարդում և կարող է առաջ բերել դրա ախտահարում, ընդհուպ մինչև անդառնալի աստիճանի։ Е վիտամինը շատ մեծ քանակությամբ նվազեցնում է արյան մակարդելիությունը, հանգեցնում արնահոսությունների և այնպիսի բարդությունների, ինչպիսին է, օրինակ, հեմոռագիկ կաթվածը։ D վիտամինի չարաշահումը վտանգավոր է արյան մեջ կալցիումի մակարդակի բարձրացման հետ կապված, ինչը դրեսւորվում է այդ թվում նաև փսխումով, որովայնի սուր ցավերով։ Դրանցից ամենաանվնասը К վիտամինն է։ Այն բավական ցածր տոքսիկություն ունի»,- նշել է էնդոկրինոլոգ, սննդաբան, Ի.Մ. Սեչենովի անվան առաջին ՄՊԲՀ  էնդոկրինոլոգիայի ամբիոնի ասիստենտ Մարինա Բերկովսկայան։

Ջրում լուծվող վիտամինները (В խումբ և С վիտամին) պակաս վտանգավոր են, որովհետև օրգանիզմն արագ է դուրս բերում դրանց ավելցուկը։ Իհարկե, С վիտամինը մեծ չափաբաժնով երիկամների խնդիր ունեցող մարդկանց մոտ (օքսալուրիայի կամ միզաքարային հիվանդության ժամանակ) կարող է նպաստել օքսալատային քարերի առաջացմանը երիկամներում և անգամ երիկամների սուր ախտահարման, նախազգուշացնում է Բերկովսկայան։

news.am