8 մթերք, որոնց պատճառով կարող եք գլխացավ ունենալ
Advertisement 1000 x 90

8 մթերք, որոնց պատճառով կարող եք գլխացավ ունենալ

Գլխացավ առաջացնող գործոնները բավական շատ են, և դրանց մեջ են մտնում նաև որոշ մթերքներ։ Ինչպես հավաստիացնում է գլխացավը բուժող մասնագետ Բելինդա Սևիջ-Էդվարդսը (ԱՄՆ), բնակչության 10 տոկոսը զգայուն է սննդային թրիգերների հանդեպ, որոնք կարող են առաջ բերել գլխացավ և անգամ միգրենի նոպա։ Սակայն բավական դժվար է պարզել, թե հատկապես որ մթերքներն են առաջ բերում գլխացավ կոնկրետ մարդու մոտ։

Այնուամենայնիվ, կան որոշ մթերքներ և բաղադրիչներ, որոնք մյուսներից ավելի հաճախ են նպաստում գլխացավի և միգրենի առաջացմանը։

Կոֆեին պարունակող ըմպելիքներ

Դրանց թվին են պատկանում թեյը, սուրճը, կոլան և այլն։ Դրանք բոլորը կարող են գլխացավ առաջացնել, ուստի, եթե տառապում եք գլխացավով ու միգրենով, մասնագետները խորհուրդ են տալիս առաջին հերթին բացառել սննդաբաժնից կոֆեին պարունակող ըմպելիքները։

Պանիրներ

Որոշ հնեցված պանիրներ, այդ թվում և կապույտ պանիրը, բրին, չեդերը, անգլիական սթիլթոնը, ֆետան, գորգոնզոլան, մոցարելան, մյունսթերը, պարմեզանը, շվեյցարականը և այլն, պարունակում են տիրամին անունով նյութ, որը գոյանում է սպիտակուցների տրոհումից հասունացման և հոտելու պրոցեսներում։ Որքան ավելի երկար է հնեցվում պանիրը, այնքան ավելի բարձր է տիրամինի պարունակությունը։ Այն, ըստ ընդունված կարծիքի, կարող է առաջ բերել գլխացավեր։

Ալկոհոլ

Ալկոհոլը միգրեն առաջացնող հիմնական գործոններից է. գինին, գարեջուրը, վիսկին և շամպայնը խթանում են միգրենի առաջացումը մարդկանց 25 տոկոսի մոտ։

Շոկոլադ

Միգրենով տառապող մարդկանց մոտ 22 տոկոսը սրացումներ է ունենում շոկոլադի պատճառով։

Արհեստական քաղցրացնողներ

Արհեստական քաղցրացնողներ կան վերամշակված շատ մթերքներում և ըմպելիքներում։ Մայո կլինիկայի տվյալների համաձայն՝ ավելի հաճախ գլխացավեր առաջ է բերում ասպարտամը՝ հանրահայտ արհեստական քաղցրացնողներից մեկը։

Նատրիումի գլուտամատ պարունակող մթերքներ

Գլուտամատը կարող է առաջ բերել միգրենի նոպաներ այդ հիվանդությամբ տառապողների 10-15 տոկոսի մոտ։ Այդ նյութը պարունակվում է այնպիսի մթերքներում, ինչպիսին են սառեցված և պահածոյացված սնունդը, սնեքները, աղցանների հավելումները, սոուսները։

Վերամշակված միս

Մսեղենը՝ ապխտած միսը, նրբերշիկները, երշիկները, պարունակում են ոչ միայն արդեն հիշատակված նատրիումի գլուտամատ, այլև ազոտի օքսիդ, որի շնորհիվ պահպանվում են մթերքների գույնն ու համը, և որը կարող է առաջ բերել գլխացավ կամ միգրեն։

Սառեցված մթերքներ

Պաղպաղակը, սմուզին, սառեցված կաթը և սառը այլ մթերքներ նույնպես կարող են առաջ բերել ուժեղ ծակող գլխացավ։

news.am