Ձմռանը սրտի և գլխուղեղի կաթվածի զարգացման հավանականությունն աճում է, քանի որ ցուրտ եղանակի պատճառով անոթները նեղանում են, ինչը կարող է առաջացնել արյան մատակարարման լուրջ խնդիրներ:
Ձմռան ցուրտ եղանակը հատկապես վտանգավոր է արդեն իսկ սրտի հիվանդություն ունեցող մարդկանց համար: Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի տվյալներով՝ սրտի իշեմիկ հիվանդությամբ մարդիկ ձմռանը հաճախ են տառապում ստենոկարդիայով (կրծքում ցավ կամ անհարմարավետություն):
Ի՞նչ կարելի է անել ձմռանը սրտի նոպայից և այլ խնդիրներից խուսափելու համար:
- Երբ փողոց եք դուրս գալիս, ավելի տաք հագնվեք:
- Խուսափեք գերտաքացումից, քանի որ ձմռանը վտանգավոր է ոչ միայն ցուրտը, այլ նաև չափից շատ ջերմությունը. այն կարող է առաջացնել արյունատար անոթների լայնացում և նպաստել ճնշման կտրուկ անկմանը, հատկապես սրտի քրոնիկական հիվանդություններով մարդկանց մոտ:
- Աշխատեք խուսափել ալկոհոլից, նիկոտինից և կոֆեինից, քանի որ դրանք նեղացնում են արյունատար անոթները՝ նպաստելով սրտի հետ կապված խնդիրների զարգացմանը:
- Պարբերաբար գործածեք տանը պատրաստված տաք ճաշատեսակներ և ըմպելիքներ, քանի որ դրանք օրգանիզմին տալիս են ջերմությունը պահպանելու համար անհրաժեշտ էներգիա:
- Տեղյակ եղեք վտանգավոր ախտանշաններին, որոնք կարող են մատնացույց անել սրտի հետ կապված խնդիրները՝ շնչահեղձություն, սրտի անկանոն զարկեր, սրտխառնոց, գլխապտույտ, քրտնարտադրություն, կրծքի, ուսի կամ ծնոտի ցավ: Եթե ձեզ մոտ նկատում եք սիրտ-անոթային հիվանդությունների ախտանշաններ, բժշկին այցելությունը մի հետաձգեք:
- Եթե հազում եք կամ մրսածություն ունեք, հանգստացեք և լավ սնվեք:
- Եթե ձեզ մոտ սրտի հիվանդություններ են ախտորոշված, խորհրդակցեք ձեզ բուժող բժշկի հետ և հարցրեք, թե որքանով եք վտանգվում ցրտին դուրս գալով, և ինչ պետք է անել բարդությունների կանխարգելման համար: