Եվգենի Պլյուշչենկոյի նոր շոույի ընթացքում բազմաթիվ անակնկալներ կլինեն
Advertisement 1000 x 90

Եվգենի Պլյուշչենկոյի նոր շոույի ընթացքում բազմաթիվ անակնկալներ կլինեն

Հանրահայտ գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի գլխավորությամբ իրականացվող «KINGS ON ICE PRESENT-FASHION ON ICE» բացառիկ  շոու ծրագիրը հայ հանդիսատեսը դիտելու հնարավորություն կունենա նոյեմբերի  27-ին` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգային ծրագրի մասին լրագրողների հետ զրուցեցին կազմակերպիչներն ու մասնակիցները: «Առաջին անգամ չէ, որ ներկայանում ենք Հայաստանում: Հագեցած և կատարելագործված ծրագիր ենք նախատեսել: Կլինեն անակնկալներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախագծի պրոդյուսեր Արի Զաքարյանը:

Ծրագրի ռեժիսոր Էմիլ Կարատի խոսքով` շոուն կազմակերպվել է հատուկ Երևանում ներկայացնելու համար: «Երկար ենք պատրաստվել. կարող եմ ասել, որ սա պրեմիերա է: Սառույցի վրա կլինի կենդանի երաժշտական կատարումներով ուղեկցվող նորաձևության ցուցադրություն: Հանդես կգան Սոնան, Իվետա Մուկուչյանը և այլ ճանաչված երգչուհիներ, գեղասահքի վարպետներ: Կհնչի ջազ, սոլ և այլ երաժշտություն»,-ընդգծեց ռեժիսորը:

Եվգենի Պլյուշչենկոն շեշտեց, որ իրենք առաջ են շարժվում: «Սա նոր շոու է, նոր բեմադրություն: Հանդես կգանք էքսկլյուզիվ համարներով: Կարծում եմ` կենդանի երաժշտության հնչյունների ներքո գեղասահքը և նորաձևությունը ձեզ դուր կգան, բեմում բազմաթիվ գեղեցիկ հայուհիներ կլինեն»,-ասաց գեղասահորդը:

Հատուկ շոույին մասնակցելու համար Հայաստան է ժամանել գեղասահորդուհի Ադելինա Սոտնիկովան, ով ասաց, որ իր համար հաճելի է այդ համերաշխ ընտանիքի մի մասը լինել:

Եվգենի Պլյուշչենկոն նշեց, որ Հայաստանն իրեն հարազատ է դարձել, և ինքը, հատկապես հավանում է հայերի անկեղծությունն ու բարությունը:

Նախագիծն իրականացվում է «FORPOSTART Production»-ի նախաձեռնությամբ: