Տոնական օրերին արվեստասերների կյանքը մշակութային բաղադրիչով հարստացնելու նպատակով Երևանում բաց են եղել մի շարք թատերահամերգային հաստատություններ և թանգարաններ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկով հունվարի 1-5-ը գործել են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Հովհաննես Թումանյանի, Սերգեյ Փարաջանովի, Երվանդ Քոչարի թանգարանները, Ռուսական արվեստի, Հայաստանի պատմության թանգարանները, Հայաստանի ազգային պատկերասրահը:
Սերգեյ Փարաջանովի թանգարանը, որը միշտ բաց է այցելուների համար, հունվարի 1-5-ը հյուրընկալել է ավելի քան յոթ հարյուր այցելուի, իսկ Սարյանի տուն-թանգարանում վճարովի այցելել է 251, իսկ անվճար 171 արվեստասեր:
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը շեշտեց, որ իրենց այցելուների թվում շատ են աշակերտներն ու ուսանողները, բայց տոնական օրերին բուհերն ու դպրոցները չեն աշխատել, հետևաբար թանգարանի այցելուների թիվը մեծ չի եղել. 23 այցելու տոմսերով, իսկ 54-ը` անվճար:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտ է այցելել է 105 արվեստասեր: Թանգարան-ինստիտուտի հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ տեղեկացրին, որ տոնական օրերին այցելուների թիվը գնալով աճում է:
Հովհաննես Թումանյանի թանգարանը անվճար հյուրընկալել է 121 այցելուի, իսկ տոմսերով` 151 այցելուի, Երվանդ Քոչարի թանգարան է այցելել 189 արվեստասեր, իսկ Ռուսական արվեստի թանգարանն ընդհանուր առմամբ հյուրընկալել է 120 մարդու:
Տոներին կամավորության սկզբունքով գործել են նաև թատրոնները` Մայր թատրոնը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը, Ռուսական թատրոնը, Պետական կամերային երաժշտական, Խամաճիկների պետական, Տիկնիկային, Համազգային, Գոյ թատրոնները և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:
Նախաձեռնությանը միացել են նաև մարզերի թատրոնները: Ամանորին թատերասերները ներկայացումներ են դիտել Գորիսի Վ. Վաղարշյանի անվան, Վանաձորի Հ. Աբելյանի անվան, Գյումրու Վ. Աճեմյանի անվան և Արտաշատի պետական դրամատիկական թատրոններում:
Մեզ հետ զրույցում օպերային թատրոնի տնօրեն Կարինե Կիրակոսյանն ասաց, որ հատուկ հանդիսությունների սրահում ներկայացրել են «Ամանորյա մեղեդի», «Սուրբ ծնունդ» համերգային ծրագրերը, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել երեխաների շրջանում: Այդ են փաստում լեփ-լեցուն սրահները:
Մայր թատրոնում հունվարի մեկին ներկայացվել է «Թռիչք կկվի բնի վրայով» բեմադրությունը: Թատրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Անի Ներսիսյանը խոստովանեց, որ չէին պատկերացնում` այդքան մարդ կգա: «Դահլիճը լեփ-լեցուն էր, իսկ տոմսարկղի մոտ հերթեր էին գոյացել: Ամսի երկուսից օրը երեք անգամ թատերախումբը ներկայացրել է «Ալադին» մանկական ներկայացումը, որը կրկին բազմամարդ դահլիճներում է անցել: Այն դեռ շարունակվում է»,-տեղեկացրեց նա:
Պետական կամերային երաժշտական թատրոնում հունվարի 3-5-ը օրը երկու անգամ բեմ է բարձրացել «Նվեր Ձմեռ պապիկին» ամանորյա մանկական ներկայացումը, որն անցել է մարդաշատ դահլիճներում:
Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հունվարի 2-ին թատրոնի Փոքր բեմում ներկայացրել է Պ․Գլադիլինի «Ուրիշ մարդը» ներկայացումը, իսկ հունվարի 3-ին Դ. Բիսեթի «Բարի ախորժակ, վագր» մանկական Ամանորի ներկայացումը: Թատրոնից մեզ տեղեկացրին, որ «Ուրիշ մարդը» ներկայացման համար հրավիրատոմսեր չեն եղել, բայց դահլիճում ազատ տեղեր նույնպես չեն եղել: «Բարի ախորժակ, վագր» ներկայացումը նույնպես բազմամարդ դահլիճում է անցել:
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում հունվարի երկուսին ցուցադրվել է «Լոռեցի Սաքոն»: Թատերախումբը ներկայացումը խաղացել է լեփ-լեցուն դահլիճում: