Բրիտանիայում լուծում են փնտրում թագավորական ընտանիքից արքայազն Հարրիի դուրս գալու կապակցությամբ. Sky
Advertisement 1000 x 90

Բրիտանիայում լուծում են փնտրում թագավորական ընտանիքից արքայազն Հարրիի դուրս գալու կապակցությամբ. Sky

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը մտադիր է մի քանի օրվա ընթացքում կարգավորել այն ճգնաժամային իրադրությունը, որն առաջացել Է միապետական ընտանիքի ներկայացուցիչների պարտականությունների կատարումից հրաժարվելու արքայազն Հարրիի և նրա տիկնոջ՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի մտադրության կապակցությամբ: Այդ մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Բուքինգհեմյան պալատի մի աղբյուր:

Նրա խոսքով՝ այդ խնդրի լուծմանը մասնակցելու են Եղիսաբեթ Երկրորդ թագուհու, նրա որդու՝ գահաժառանգ արքայազն Չառլզի և նրա թոռան արքայազն Ուիլյամի թիմերը:

«Թագուհին, Ուելսի արքայազնը և Քեմբրիջի դուքսը հրահանգներ են տվել իրենց թիմերին՝ առանց հետաձգելու կառավարության և Սասեքսի դուքսերի հետ միասին աշխատանք սկսել ընդունելի լուծումներ գտնելու համար»,- ասել հեռուստաալիքի զրուցակիցը: «Դա պետք Է տևի ոչ թե շաբաթներ, այլ օրեր»,- հավելել է նա:

Ավելի վաղ The Times թերթը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին խիստ հիասթափված է այն բանից, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հայտարարել են թագավորական ընտանիքի ավագ անդամների լիազորությունները վայր դնելու և կա՛մ Միացյալ Թագավորությունում, կա՛մ Հյուսիսային Ամերիկայում ապրելու մտադրության մասին՝ դա նախօրոք չքննարկելով Բուքինգհեմյան պալատի հետ:

Հրատարակության տեղեկատվության համաձայն, Սասեքսի դուքսը և դքսուհին իրենց որոշման մասին Instagram-ում հրապարակելուց առաջ չեն խորհրդակցել ո՛չ թագուհու, ո՛չ արքայազն Հարրիի հոր՝ Ուելսի գահաժառանգ արքայազն Չառլզի հետ: Հրատարակությունն ուշադրություն է դարձնում այն բանի վրա, որ Հունվարի 8-ին արքայազն Հարրին, որը վեցերորդ տեղն Է զբաղեցնում գահաժառանգության հերթում, և Մեգան Մարքլը հայտարարել Էին, որ «երկար ամիսներ տևած խորհրդածություններից և ներքին բանավեճերից հետո» որոշել են «դադարեցնել թագավորական ընտանիքի «ավագ» անդամների պարտականությունների կատարումը և աշխատել ֆինանսապես անկախ դառնալու համար»: Ընդ որում՝ Սասեքսի դուքսերը հայտնել են, որ կգործարկեն իրենց բարեգործական կազմակերպությունը, բայց դրա հետ մեկտեղ կշարունակեն կատարել թագավորական որոշ պարտականություններ:

The Times-ն այդ կապակցությամբ նշում է, որ կա՛մ Միացյալ Թագավորությունում, կա՛մ Հյուսիսային Ամերիկայում ապրելու արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի մտադրությունն աննախադեպ է միապետական ընտանիքի անդամների համար, որոնք շարունակում են որոշակի գործառույթներ կատարել նրանում: