Որոշ նախարարների գործողություններն ասես Փաշինյանի տակ դրված «ական» լինեն, այսօր ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Նրա խոսքով` Ամանորին Իրանի շուրջ ստեղծված լարվածության հետ կապված Փաշինյանը կոչ արեց «հանգիստ նստել տեղները», քանի որ պետական ինստիտուտներն աշխատում են ու ամեն ինչ վերահսկում։ Դրանից ընդամենը մի քանի օր անց հայտարարվեց ֆեյքի մասին, որի հաղորդագրությունը հասել էր Իրանի նախագահին։ Այս փուլում Հայաստանը պարտվել է տեղեկատվական պատերազմում։
«Պետական վարչակազմում հակազդեցության մասին խոսելու համար լուրջ հիմքեր են պետք։ Նշեմ, որ ապարատն արդյունավետ չի աշխատում։ Սակայն մի բան պարզ է. եթե պետական ապարատի մի մասն արդյունավետ չի աշխատում, ապա առաջին հերթին պետք է փոխել այդ ոլորտի քաղաքական ղեկավարներին՝ նախարարներին ու նրանց տեղակալներին»,- ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով` որոշ ղեկավարների դեպքում այնպիսի տպավորություն է, որ նրանք կանխամտածված են շատ բան անում ու կառավարում են այդ «դիմադրությունը»։
«Երբեմն այնքան անհեթեթ բաներ են արվում, կարծես վարչապետի տակ դրված «ականներ» լինեն», – նշեց Հակոբյանը։
Նա կոնկրետ օրինակներ չբերեց` ասելով, որ դրանք շատ են։ Ընդ որում` քաղտեխնոլոգն ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ բավական չէ, որ նախորդ տարվա աղմկահարույց գործերն անհեթեթ թեմաներով էին, դեռ մի բան էլ բավականին լուրջ սխալներ էին թույլ տալիս ընթացքում։
Հնարավոր է` դա մտածված է արվել, հակառակ դեպքում, կոնկրետ նախարարը պետք է վաղուց հեռանար։ Այս ընթացքում միայն մեկ նախարար է փոխվել` Արտակ Զեյնալյանը, որը պարզապես Փաշինյանի թիմի անդամ չէր։
«Եթե դժգոհ ես պետական ապարատից, ինչու չես փոխում ղեկավարությանը։ Այստեղ մեկ այլ հարց է առաջանում` արդյո՞ք պետք է մի համակարգ, որտեղ որոշողը մեկ մարդ է», – նշեց Հակոբյանը։
Պետք է փոխել պաշտոնյաներին, բայց ու՞մ նշանակել նրանց փոխարեն։ Հատկապես, եթե ընտրում ես Փաշինյանի հետ «քայլողներին»։
Եվս մեկ հարց. եթե «ամբողջ պետական ապարատը դիմադրում է», ո՞վքեր են ապահովում «աննախադեպ» տնտեսական արդյունքները, որոնց մասին խոսում է վարչապետը։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն իր հերթին նշեց, որ Նիկոլ Փաշինյանը «դիմադրության» մասին հայտարարություններում պետք է հստակ նշեր` որտե՞ղ, ո՞վ ու ինչպե՞ս է դա անում։
Նա չի բացառում, որ այդ հայտարարությանը կադրային փոփոխություններ հաջորդեն։ Բայց արդյո՞ք դա կարելի է կապել հենց դիմադրության հետ։
«Օրինակ` մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն ազատվել է աշխատանքից։ Դա դիմադրության արդյունք է, թե՞ պատճառն աշխատանքի թերություններն են։ Փաշինյանը պետք է հիմնավորված հայտարարություններ անի, ի վերջո, նա վարչապետ է», – նշեց Բադալյանը։
Ե՛վ իշխանության, և՛ ընդդիմության կարևորագույն խնդիրներից է հստակության բացակայությունը։
Նշենք, որ դեկտեմբերի 12–ին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ՀՀ պետական ապարատը դիմադրում է հեղափոխությանը։ Նրա կարծիքով` և՛ տնտեսական աճը, և՛ այլ ցուցանիշները ստացվել են պետական կառույցներին հակառակ։ Նույնիսկ կոռուպցիայի դեմ պայքարն իրականացվում է ի հեճուկս պետական համակարգի, քանի որ իրավապահ մարմիններն անվերջ հետաձգում են գործերի քննումը։