Ինչու էր լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանն արտասահմանում խուսափում հայերից. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչու էր լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանն արտասահմանում խուսափում հայերից. armeniasputnik.am

Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի հիշատակի օրվա կապակցությամբ Sputnik Արմենիան ներկայացնում է գրող, հրապարակախոս Գուրգեն Խաժակյանի հետ զրույցը։ Վարդանյան ամուսիններին նվիրված 3 գրքի հեղինակը հետաքրքիր դեպքեր է պատմում մեծն «Ամիրի» կյանքից։

ՀՀ վաստակավոր լրագրող Գուրգեն Խաժակյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմել է նաև, թե ինչու էր «Ամիրը» խուսափում արտասահմանում հայերի հետ շփվելուց։ Զրուցել է Լիլիթ Հարությունյանը։

– Պարոն Խաժակյան, Վարդանյան ամուսինների մասին պատմող գրքերը մեծ պահանջարկ ունեն ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքի հայերի շրջանում…

— Այդպես է, ինձ հետ հաճախ կապ են հաստատում Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցները… Նշեմ, որ գրքերը լրամշակվել և վերատպագրվել են, քանի որ Գևորգ Անդրեևիչի մահից հետո նրա հիշատակին մի շարք միջոցառումներ անցկացվեցին:

Առաջին գիրքը լույս տեսավ 2010 թվականին՝ Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ, այն կոչվում է «Հպումը լեգենդին. անլեգալ հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյաններ» (ռուսերեն)։ Այնուհետև արդեն հայերեն լույս ընծայվեց ավելի հիմնավոր աշխատությունը` «Հերոս անլեգալ (ծպտյալ) հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյաններ. հպումը լեգենդին շարունակվում է…»։ Հետախույզի մահվանից հետո` 2017 թվականին, հրապարակվեց «Հերոս հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյաններ. անմահ լեգենդ» երկլեզու գիրքը։

Ինչպես տեսնում եք, բոլոր երեք գրքերում էլ կա «լեգենդ» բառը։ Դա պատահական չէ, քանի որ Վարդանյան ամուսիններն իսկապես լեգենդար անձնավորություններ են։ Միայն պատկերացրեք` 30 տարի անլեգալ աշխատել են և ոչ մի անգամ չեն բացահայտվել։ Աշխատել են աշխարհի տարբեր երկրներում, որտեղ ակտիվ գործում են ԿՀՎ-ն, «Մոսսադը», ՆԱՏՕ-ի հատուկ ծառայությունները։ Ընդ որում` նրանք կադրային չեկիստներ չէին։ Ճիշտ է` նրանց ուսուցիչն էր հանրահայտ Հովհաննես Աղայանցը, բացի այդ Գևորգ Անդրեևիչի հայրն էլ էր նրան շատ բան սովորեցրել։ Սակայն նրանք բնածին տաղանդով էին օժտված, բացառիկ կարողությունների տեր բնածին հետախույզներ էին։

– Նրանց մասին քիչ տեղեկություն կա։ Ինչպե՞ս եք Դուք դրանք հայթայթել։

— Երբեմն ինձ ասում են` աշխարհի ուժեղագույն հետախույզները չկարողացան բացահայտել Գևորգ Վարդանյանին, իսկ դու կարողացար։ Սա, իհարկե, կատակ է… Իմ գրքերում պրոֆեսիոնալ գաղտնիքներ չկան։ Մասնավորապես, ամենակարևոր գաղտնիքն ինձ համար այն է, թե ինչի համար ոչ կադրային չեկիստը Խորհրդային Միության Հերոսի կոչում ստացավ։ Ընդ որում` Գևորգ Անդրեևիչը միակ հետախույզն է, որն այդ կոչումը ստացավ կյանքի օրոք, ոչ թե հետմահու, ինչպես մյուս երկուսը` Ռիխարդ Զորգեն և Նիկոլայ Կուզնեցովը։

Տեղեկատվության հիմնական աղբյուրը ինձ համար հենց Գևորգ Անդրեևիչն էր, ինձ օգնեցին նրա հետ ունեցած սակավաթիվ զրույցները։ Բավական պարզ պատճառներով նա այդքան էլ չէր սիրում լրագրողներին, քանի որ անլեգալ հետախույզի մասնագիտությունն ու լրագրությունը երկու հակադիր երևույթներ են… Ես օգտվել եմ նաև բաց ու հասանելի նյութերից։ Բացի այդ, ես հաճախ եմ ներկա եղել նրանց` երիտասարդների հետ հանդիպումներին։ Շատ էին սիրում հանդիպումներ անցկացնել ուսանողների հետ։ Ի դեպ, այս կապակցությամբ կցանկանայի երախտագիտություն հայտնել Անանիա Շիրակացու անվան ճեմարանին` Գևորգ Անդրեևիչի հիշատակը վառ պահելու և հավերժացնելու համար։ Ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը բաց չէր թողնում Վարդանյան ամուսիններին ճեմարան հրավիրելու հնարավորությունը, և այնտեղ միշտ առանձնահատուկ հարգանքով էին ընդունում նրանց։ Իսկ Գևորգ Անդրեևիչի մահից հետո այնտեղ մեծ հետախույզի անվան հայրենասիրության համար կրթաթոշակ սահմանվեց։

– Բայց չէ՞ որ Դուք այնուամենայնիվ կարողացաք որոշ գաղտնիքներ իմանալ…

— Այո՛, Գևորգ Անդրեևիչը պատմում էր, որ մի անգամ մի երկրում աշխատելու ժամանակ նրան փողոցում կանգնեցրել է խորհրդային հետախուզության պաշտոնական ներկայացուցիչ` ռեզիդենտը, ու ասել, որ հետախույզին «բացահայտել են» և հետևում են։

«Դու անմիջապես պետք է նստես ավտոմեքենան և գնաս դեսպանատուն, որտեղից կմեկնես Մոսկվա», — ասել է ռեզիդենտը, բայց «Ամիրը» ասել է, որ նման բան լինել չի կարող և արագ մտաբերել է վերջին իրադարձությունները։ Նրանք վեճի են բռնվել, և շուտով պարզվել է, որ հետախույզին շփոթել են մեկ ուրիշի հետ։ Ինչևէ, ռիսկը մեծ էր, և նման դեպքերում Կենտրոնը սովորաբար որոշում էր ռիսկի չդիմել։ Սակայն Վարդանյանը գիտակցաբար ռիսկի է դիմում և շարունակում է իր գործը։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am