Կարևոր բաներ են խորհրդանշանները, և դրանք չի կարելի չարաշահելով արժեզրկել։
Վերջին շրջանում տարբեր տեղերում, ճանապարհների եզրերին, սարերի լանջերին, տեսել եմ անգամ ավտոտնակի կտուրին, խաչի խորհրդանշանը՝ ամեն մեկն իր ճաշակով՝ մետաղից, փայտից, տոնածառի լույսերով, որպես կանոն՝ անճաշակ։ Հիմա պատկերացնենք, որ այս «մշակույթը» լայն տարածում է ստանում։
Խաչը քրիստոնեության խորհրդաշնանն է, առաջին խորհրդանշանը։
Ի՞նչ են մտածում այդ «ստեղծագործությունների» հեղինակները. որ դրանով հաճոյանում են Աստծո՞ւն, դրանով քավում են իրենց գործած մեղքե՞րը, դրանով յուրատեսակ «ինդուլգենցիա» են ստանում անպատիժ մեղքեր գործելու համա՞ր՝ ինչպես միջնադարյան կաթոլիկ աշխարհում էր։
Ավելի քան երկու տասնամյակների բոլոր ամենածանր հանցագործություններին աղերսվող Աղվան Հովսեփյանն, օրինակ, Ապարանի ճանապարհին հսկա երկաթյա անճաշակությունը դնելով՝ համարեց, թե ազատվո՞ւմ է իր գործած մեղքերից։
Չբռնանանք մարդկանց մտածողության վրա, իրենց գործն է։ Սակայն չպետք է թույլ տալ որ ուրիշները դառնան նրանց «ինքնատիպ» մտածողության ու «ռաբիս» ճաշակի ակամա զոհեր։
Խաչը քրիստոնեության հիմնական խորհրանշանն է, և առաջին հերթին՝ եկեղեցին պետք է շահագրգռված լինի, որ այն, անճաշակությունների վերածված, չդրվի այնտեղ, ում խելքը որտեղ փչում է։ Եկեղեցին պետք է որ կանոն ունենա, թե խաչի նշանը որտեղ և ինչպես կարելի է օգտագործել, և նախանձախնդիր լինի, որ այն չարժեզրկվի։ Տրամաբանորեն, այն պետք է լինի միայն եկեղեցիների շենքերի և նրա իրավասության տակ գտնվող տարածքների ներսում։ Խոսքը խաչքարերի ու խաչքարային մշակույթի մասին չէ։
Սակայն եկեղեցին չի կարող որևէ բան արգելել իր իրավասությունների շրջանակներից դուրս գտնվող տարածքներում։ Դա արդեն պետության գործն է։ Օրենքով պետք է արգելել այդ «ռաբիսը», իսկ արդեն եղածներն ապամոնտաժել։ և, առաջին հերթին, հենց եկեղեցին պետք է հորդորի իշխանությանը օրենքով նման արգելք սահմանել։ Դա ցածրաճաշակ երգ չի, որ ով ուզում է լսի, ով չի ուզում՝ անջատի, չլսի։ Մարդ, ուզի թե չուզի, ակամա տեսնում է՝ դրանք տնկված են նրա տեսադաշտում, չի կարող աչքերը փակել։
Վերջերս ինչ-որ տեղ հանդիպեցի, որ նմանօրինակ մի անճաշակություն պատրաստվում են դնել Երևանի մուտքերից մեկի մոտ։ Հուսով ենք՝ Երևանի քաղաքապետարանը դա թույլ չի տա։
Աշոտ Սարգսյան