Շատերը գիտեն այն մասին, որ խիրոմանտիան կարող է շատ բան պատմել մարդու մասին։ Ognov.ru կայքը գրում է, որ մեր ափերին երևացող գծերն առաջանում են դեռ մայրիկի փորիկում գտնվելու ընթացքում, և յուրաքանչյուր անձի դեպքում առանձնահատուկ են։ Խիրոմանտիան հնարավորություն է տալիս կարդալ այդ գծերը և բացահայտել մարդու բնավորության գծերը, հատկությունները, նույնիսկ՝ անցյալն ու ներկան։ Սակայն քչերը գիտեն այն մասին, որ մարդու անձնային հատկանիշները կարող են բացահայտվել նաև ձեռքի ափի ձևի միջոցով։ Գոյություն ունի ձեռքի ափի 4 տեսակ, որոնք խոսում են 4 տեսակ անձի մասին։
Կրակ
Մարդիկ, ովքեր մեծ ափ և կարճ մատներ ունեն, կրակի նման իմպուլսիվ են, համառ և գիտեն՝ ինչ են ուզում։ Նրանց արյան մեջ կիրքն է հոսում. հենց այս մարդկանց են ցանկանում տեսնել ակտիվ գործունեության մեջ։ Նրանք աշխատունակ են և ամեն ինչ հասցնում են ավարտին, ինչ էլ դա արժենա։ Նրանք ի ծնե լիդերներ են, կարող են ներշնչել իրենց աշխատակիցներին և հարազատներին՝ ավելի լավը դառնալ։ Նրանք սիրում են սպորտ, սոցիալական ակտիվություն և շփում մարդկանց հետ։
Հող
Այս մարդիկ կարճ մատներ և քառակուսի ափ են ունենում։ Նրանք շատ զգույշ են։ Հանգամանքների նկատմամբ վերահսկողությունը և կայունությունը նրանց առաջնահերթություններն են։ Շատ պատասխանատու են և ամեն ինչ անում են՝ իրենց վրա դրված պարտականությունները կատարելու համար։ Հավասարակշռված են և աշխատում են արժանապատվորեն ու համբերությամբ անցնել կյանքի բոլոր դժվարությունների միջով։
Օդ
Այս անձանց ափերն ու մատները երկարությամբ հավասար են իրար։ Նրանք հաղորդակցական լավ հմտություններ և հաճախ բարձր ինտելեկտ ունեն։ Սակայն մտավոր բարձր կարողությունների պատճառով նրանք հաճախ կենտրոնանում են իրենց և իրենց հետաքրքրող իրերի վրա։ Նրանք կարող են մարդկանց հիմնական հատվածից կտրված թվալ, նույնիսկ՝ իրենց սիրելիներից, սակայն սա այս տիպի մարդկանց յուրահատկությունն է։ Այս մարդկանց հաճախ կարելի է տեսնել գրողների կամ ուսուցիչների ցանկում։
Ջուր
Այս մարդիկ երկար ափ և երկար մատներ ունեն։ Նրանք շատ զգացմունքային են և լավ սիրեկաններ են դառնում։ Ռոմանտիկ են և ընդունակ են իրենց նվիրել սիրելի և հարազատ մարդկանց, հավատարիմ լինել։ Վառ երևակայություն ունեն։ Նրանք հաճախ են իրենց գտնում երաժշտական աշխարհում, ինչպես նաև այնպիսի մասնագիտություններում, որոնց դեպքում հոգ են տանում ուրիշների մասին։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը