Երևան-Թեհրան-Երևան թռիչքները կվերսկսվեն. ավիաընկերությունը հայտարարություն է տարածել. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Երևան-Թեհրան-Երևան թռիչքները կվերսկսվեն. ավիաընկերությունը հայտարարություն է տարածել. armeniasputnik.am

Armenia Airways ընկերությունը դիմել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և Իրանի օդային տարածքում թռիչքուղու անվտանգ շահագործման վերաբերյալ երաշխիքներ է ստացել։ Այս մասին նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

«Հաշվի առնելով վերոնշյալը` ավիաընկերությունը վերսկսելու է իր կանոնավոր Երևան-Թեհրան-Երևան թռիչքները հունվարի 14-ից»,– հայտնում է ընկերությունը:

Հունվարի 12–ին ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հորդորել էր հանրապետությունում գրանցված փոխադրողներին հաշվի առնել ավիաանվտանգության եվրոպական խմբի առաջարկությունն ու շրջանցել Իրանի ու Իրաքի օդային տարածքը։

Armenia Airways ընկերությունն էլ, անվտանգության նկատառումներից ելնելով, չեղարկել էր Երևան–Թեհրան–Երևան չվերթը։

Հիշեցնենք, որ հունվարի 7-ի, լույս 8-ի գիշերը ուկրաինական ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800–ը թռիչքից գրեթե անմիջապես հետո կործանվել էր Թեհրանի օդանավակայանի մոտակայքում։ Մահացել էին օդանավում գտնվող բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները, ընդհանուր` 176 մարդ։

Հունվարի 11-ի առավոտյան Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարել է, որ ուկրաինական ինքնաթիռը խոցվել է մարդկային սխալի պատճառով. հակառակորդի օդանավի հետ են շփոթել։

Ավիաաղետի հետևանքով մահացած 176 անձանցից 167-ն Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Գերմանիայի, Շվեդիայի ու Աֆղանստանի քաղաքացիներն էին, անձնակազմի 9 անդամները` Ուկրաինայի։

armeniasputnik.am